Երբ իշխանությունն անադեկվատ է ու արհեստական
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՏեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո ակնհայտ է, որ Հայաստանին առաջիկայում սպասվում են բավականին բարդ բանակցություններ. սա որքան էլ լինի ցավոտ ու կապիտուլացիոն հրադադար, միևնույն է՝ հրադադար է։ Խաղաղության մեծ պայմանագիրն ունենալու է բազմաթիվ դետալային կետեր և բազմաթիվ նուրբ հնարավորություններ՝ հայկական կողմի համար քիչ թե շատ իրավիճակը շտկելու համար։ Բայց դրա համար պետք է լինելու նոր բանակցող՝ այլ կալիբրի, այլ մտահորիզոնի և այլ ունակությունների։
Փաստ է մի բան՝ հանուն աթոռի՝ Փաշինյանն ամեն կերպ փորձ է անում խեղաթյուրել համազգային ընդվզման բովանդակությունը, դա պարզորոշ երևում է նախօրեին «Իմ քայլի» արված հայտարարությունից։ Ընթացող պայքարը, ընդվզումը Ռուսաստանի դեմ չէ, ռուս խաղաղապահների դեմ չէ, այս ազգային ընդվզումը Փաշինյանի՝ ժամ առաջ հրաժարականի համար է, անցումային իշխանություն ձևավորելու, երկրում կրքերը հանդարտեցնելու և մի զգալի խումբ ծայրահեղ բարդ խնդիրները լուծելու համար է։ Խնդիրներ, որոնք ողջ ծավալով կանգնելու են մեր առաջ՝ հարցականի տակ դնելով պետականության գոյությունը։
Չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանի կողմից տրվել են հերթական խելակորույս ու անադեկվատ որոշումները, այնուամենայնիվ իրավապահները չունեն որևէ մոտիվացիա՝ ենթարկվելու անօրինական հրամանների։ Անօրինական ձերբակալությունները միայն և միայն ռադիկալացնելու են փողոցը և հանգեցնելու են ամենաանցանկալի պրոցեսների։ Բոլոր ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն, և իրավապահները, քաղաքական ուժերի հետ աշխատանքային խողովակներ ձևավորելով, պետք է ապահովեն մեր երկրի ներքին անվտանգությունը։
Անդրանիկ Կիրակոսյան