Իրանը խաղից դո՞ւրս
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՕրերս Իրանի ԱԳՆ-ն ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ համաձայնագրի առնչությամբ հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է աջակցել շփման գծի երկայնքով ռուս խաղաղապահների տեղակայմանն ու ռեգիոնալ կայուն խաղաղության հաստատմանը։ Պետք է փաստենք, որ Իրանը մշտապես զգայուն է եղել ռեգիոնում երրորդ երկրի զինուժի տեղակայման հարցում` դա անընդունելի համարելով: Այժմ փաստորեն Թեհրանը հայտարարում է, որ պատրաստ է աջակցել ռուս խաղաղապահների տեղակայմանը:
Խնդիրն այստեղ թերևս այն է, որ Իրանն այդ հանգամանքը դիտարկում է արդեն իսկ թուրքական ներկայության տրամաբանության մեջ: Արցախի հարավում վերցնելով տարածքներ` Թուրքիան հայտնվում է Իրանի հյուսիսային սահմանին՝ դրանից բխող հետևանքով: Հավելենք, որ Իրանն անցնող օրերին մեծ ծավալի ռազմուժ և սպառազինություն է տեղակայել հյուսիսային սահմանին, ընդ որում՝ հարձակողական բնույթի ռազմուժ և սպառազինություն:
ՌԴ խաղաղապահների տեղակայմանն աջակցության պատրաստակամության մասին հայտարարությամբ Իրանը թերևս ակնկալում է թուրքերին «աքցանի» մեջ առնելու հնարավորություն: Հատկանշական է, որ Իրանը չի խոսում թուրքական ներկայության մասին, այն պարագայում, որ Անկարան ու Բաքուն տեղեկություն են տարածում ադրբեջանական վերահսկողության գոտում թուրքական խաղաղապահ կենտրոնի հարց քննարկելու մասին: Թեհրանը օրեր առաջ դիվանագիտական կարգավորման իր նախաձեռնությունն էր ներկայացրել, որով առաջարկում էր ռուս-թուրք-իրանական միջնորդական ձևաչափ: Այդ առաջարկը մերժվել է: Հետաքրքիր է` ով է մերժել այն՝ Մոսկվա՞ն, թե Անկարան` Իրանին դուրս թողնելով համաձայնություններից:
Անդրանիկ Կիրակոսյան