Հարկավոր է ռեալ գնահատել իրավիճակը և Երևանում նստած վախեր չտարածել. Իրինա Ծատուրյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊատերազմը նաև ամուր նյարդերի պայքար է: Եվ որքան սթափ է հասարակությունը գնահատում իրավիճակը, այնքան ավելի կազմակերպված քայլեր է ձեռնարկում, ինչը շատ կարևոր է պատերազմական իրավիճակների ժամանակ գործողությունները դասակարգված և արդյունավետ իրականացնելու համար: Հոգեբան Իրինա Ծատուրյանի դիտարկամբ` տարիքային տարբեր խմբերի անձինք նույն երևույթը տարբեր ձևով են ընկալում: Եվ եթե երիտասարդներն ավելի համարձակ են, քան 50-անց մարդիկ, դրա պատճառն այն է, որ երկտասարդների մոտ պատկերները մի փոքր այլ բնույթ են ստանում, քանի որ տարիքի բերումով համեմատություն անելու բազա չունեն:
«Տարիքի հետ մարդկանց մոտ ի հայտ են գալիս տարբեր վախեր, էմոցիաներ, քանի որ նրանք ավելի շատ ինֆորմացիա ունեն և կարող են տարբեր երևույթների միջև համեմատություններ անել: Չնայած իրավիճակը բավականին լարված է, սակայն այս փուլում հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի վախի զգացում չարթնանա: Կարևոր է իմանալ, որ վախը տարբեր այլ խնդիրներ է առաջացնում, ուստի հարկավոր է ռեալ գնահատել իրավիճակը և, օրինակ, Երևանում նստած վախ չտարածել շուրջը, հասարակության մեջ կամ սոցիալական ցանցերում: Բացի այդ պետք է իմանալ, որ վախը տարբեր հիվադություններ է առաջացնում, ուստի, պետք է ամեն ինչ անել վախի զգացումը հաղթահարելու համար: Ինչ վերաբերում է մայրերին, ապա շատ կարևոր է գիտակցել, որ երեխաները մոր միջոցով են աշխարհը ընկալում: Եվ եթե մայրը լարված է լինում, նույն լարվածությունն անցնում է երեխաներին: Ուստի, երեխաների առողջությանը չվնասելու համար հարկավոր է հնարավորինս կառավարել էմոցիաները, որպեսզի երեխաները չտուժեն այս ծանր հոգեբանական իրավիճակում»,- ասաց Ի. Ծատուրյանը:
Արմինե Գրիգորյան