Պատերազմի մեկ ամիսը առավել քան բավարար էր՝ տեսնելու համար, որ այսպես կոչված աշխարհի լուռ համաձայնությամբ իրականացվում է Թուրքիայի կողմից Արցախի զավթման ծրագիր
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրմեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Պատերազմի մեկ ամիսը առավել քան բավարար էր՝ տեսնելու համար, որ այսպես կոչված աշխարհի լուռ համաձայնությամբ իրականացվում է Թուրքիայի կողմից Արցախի զավթման ծրագիր։
Տվյալ դեպքում էական չէ, թե «աշխարհը» ի՞նչ կոչեր-մոչեր է հնչեցնում, ինչ պոչեր է խաղացնում, ինչ բանակցություն-մանակցություն է կազմակերպում։ Իրականում բոլոր ներգրավվածները, հասկանալի է՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան կամ Էվրոպան հրաշալի տեղյակ են, թե իրականում ինչ է կատարվում։ Բայց գործնականում, ամենատարբեր պատճառներով, նրանք ռեալ չեն խանգարելու Թուրքիային, և դա թուրքերը շատ լավ հասկացել են, առնվազն հոկտեմբերի 12-13-ից, եթե միայն՝ նախապես համոզված չեն եղել։
Ուստի կարևոր է այն, թե ինչ ենք անում մենք։ Ակնհայտ է, և դա սկզբնապես էլ պարզ էր, որ ամենասրտաճմլիկ կոչերը, ուղերձները, ելույթներն ու հայտարարությունները, այդ թվում՝ այսպես կոչված աշխարհին ուղղված, չեն կարող իրավիճակ շրջել։ Դրանք խոսքեր են։ Իսկ այստեղ գործողություններ են պետք։
Անիմաստ է որևէ դիտողություն անել այս ամենի համար բնականորեն պատասխանատու իշխանությանը, քանի որ տեսնողներին պարզ է նրանց կեցվածքը, իսկ տեսնել չցանկացողներին, եթե աչքի դեմն էլ դնես, չեն տեսնելու։
Մեզ, ըստ էության, մնում է խելքներս գլուխներս հավաքել, ինքնակազմակերպվել և բառի բուն իմաստով՝ կյանքի գնով հաղթել՝ բոլորի հաշվարկներին հակառակ։
Հնարավորինս կոռեկտ տարբերակով՝ թերևս այսքանը։