Պատերազմը շտկումներ կմտցնի նաև առաջին հայացքից չերևացող շատ հարցերում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը հնարավորություն տվեց նաև հասկանալու, թե որ գերատեսչությունն ինչ չափով է արդյունավետ աշխատում և, առհասարակ, հասկանալու, թե ով՝ ով է: Խոսքը Հայաստանի ու Արցախի ոչ միայն արտաքին աշխարհի հետ բոլորովին այլ հարթությունից հարաբերվելուն է վերաբերում, այլև ներքին խնդիրները բացահայտելուն: Միանշանակ է, որ միայն բանակի ուսերին ամեն ինչ բարդել հնարավոր չէ, ուստի, յուրաքանչյուր գերատեսչություն պետք է կարողանար բեռի իր բաժինը վերցնել ու բանակի նման՝ նույն արժանապատվությամբ իրականացներ: Բայց, ինչպես երևում է, որոշ գերատեսչություններ ու դիվանագիտական կորպուսներ քնից դեռ չեն արթնացել:
Քաղաքացիների կողմից սեփական նախաձեռնությամբ դրամահավաք ու սնունդ հայթայթելու գործողությունները ևս վկայում են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները ևս թերանում են իրենց աշխատանքում, բայց այս անգամ կանդրադառնանք այլ պետություններում Հայաստանը ներկայացնող դիվանագնետների ու այլ երկրների շահերի հետ հարմար ինտեգրված դիվանագիտական կորպուսների աշխատանքին: Այս առումով, բավական ուշագրավ էր Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան այս գրառումը.
«Անհիմն հայտարարությունների փոխարեն լավ կլիներ օգտակար գործերով զբաղվել, հատկապես, երբ այս օրերին դրանց ծավալը շատ-շատ է։ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանին հորդորում եմ ոչ գրագետ ու դիվանագետին ոչ հարիր վարքագիծ չդրսևորել։ Մոսկվայից Արցախ շատ բան տեսանելի չէ, բայց գոնե ընկալման հարցում պետք չէ կորցնել սթափությունը»:
Ու թեև Վ. Պողոսյանի ակնարկը միայն մեկ երկրի դեսպանին է վերաբերում, բայց այն կարելի է շատերին հասցեագրել, որոնք կարծես մոռացել են, թե, առհասարակ, ինչ նպատակով են գործուղվել այլ երկիր և պետական բյուջեի հաշվին այլ երկրում ծվարելուց բացի ուրիշ ի՞նչ օգտական գործով են առհասարակ զբաղվում:
Արմինե Գրիգորյան