Մաշկի տեսակների խնամքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«L'Oréal Paris»-ը ներկայացրել է՝ ինչպիսի խնամք է անհրաժեշտ մաշկի տեսակներից յուրաքանչյուրին:
Յուղոտ մաշկ
Յուղոտ մաշկին բնորոշ են ընդլայնված ծակոտիները, սև կետերը և բորբոքումները: Բացի այդ, յուղոտ փայլն ի հայտ է գալիս մաքրելուց կես ժամ անց: Նման մաշկի առավելությունը նրա ամրությունն է, այն չոր մաշկից պակաս զգայուն է, ինչի շնորհիվ ավելի դանդաղ է ծերանում: Սակայն սա չի նշանակում, որ յուղոտ մաշկը խոնավացման կարիք չունի. մաշկի չափազանց յուղոտ լինելու հիմնական պատճառներից մեկը նրա ջրազրկումն է:
Երկու հիմնական կանոն կա, որոնց պետք է հետևել յուղոտ մաշկը խնամելիս՝
Մաքրում
Լվացումից և տոնավորումից բացի, մաքրումը ենթադրում է ավելի խորը պիլինգների և դիմակների կիրառում: Յուղոտ մաշկի վրա դրական ազդեցություն են թողնում կավով դիմակները: Դիմակների բաղադրության մեջ մտնող կավը հակաբորբոքային ազդեցություն ունի և կանխարգելում է ակնեի առաջացումը:
Խոնավացում
Խորհուրդ է տրվում ընտրել ջրային հիմքով խոնավացնող միջոցներ՝ մաշկը սնուցող յուղերով չծանրաբեռնելու համար: Դրանք կարող են լինել հատուկ յուղոտ մաշկի համար նախատեսված նրբաքսուքներ կամ ֆլյուիդներ:
Չոր մաշկ
Չոր մաշկը մաշկի ամենաբարակ և զգայուն տեսակն է, որը հակված է արագ ծերացման: Խոնավության և առաձգականության կորստի արդյունքում մաշկի վրա կնճիռներ և բորբոքումներ են առաջանում: Այդ իսկ պատճառով, մաշկի այս տեսակը պահանջում է համակարգված խնամք
-
Մաքրված մաշկին անհրաժեշտ է խոնավացնող տոնիկ քսել: Այն մաշկը կնախապատրաստի հետագա քսուքների օգտագործմանը և դրանց ավելի լավ ներծծվելու հնարավորություն կտա:
-
Խորհուրդ է տրվում ցերեկը խոնավացնող քսուք օգտագործել. այն խոնավացնում է մաշկը, վերացնում քորը և վերականգնում հարմարավետության զգացումը:
- Քնից առաջ սնուցող գիշերային քսուք օգտագործեք. առավոտյան մաշկը կմնա փափուկ և առանց ձգվածության զգացողության:
Նորմալ մաշկ
Նորմալ մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում ընդամենը պահպանել հավասարակշռությունը: Դրա համար բավական են առավոտյան և երեկոյան մաշկի սովորական մաքրումը և թեթև խոնավացումը:
Կոմբինացված մաշկ
Կոմբինացված մաշկին բնորոշ են մաշկի յուղոտ և չոր տեսակների առանձնահատկությունները: T-զոնան սովորաբար տառապում է բորբոքումներից և յուղոտ փայլից, մինչդեռ այտերը չոր են և կարող են թեփոտել:
Կոմբինացված մաշկի խնամքը
- Մաքրումը պետք է լինի խորը, բայց միևնույն ժամանակ, բավականին նուրբ: Լվացման համար խորհուրդ է տրվում նուրբ գել օգտագործել:
- Շաբաթվա մեջ երկու անգամ դիմակներ օգտագործեք՝ մուլտիմասկինգի տեխնիկայով՝ քթին, ճակատին և կզակին քսեք շերտազատման և ծակոտիների նեղացման համար նախատեսված դիմակ-սկրաբ, իսկ այտերին՝ սնուցող դիմակ: Սա թույլ կտա մաքրել ծակոտիները և կանխարգելել բորբոքումների առաջացումը՝ չչորացնելով այտերի հատվածը:
- Ցերեկը մի՛ մոռացեք խոնավացնող քսուք օգտագործելու մասին, որը կարող է նաև դիմահարդարման համար հիմք հանդիսանալ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
www.1or.am