Ոլորտը կարգի բերելու գործընթաց է սկսվում. վարորդները ևս կլիցենզավորվեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ1or.am-ն ավելի վաղ անդրադարձել է վարորդների որակավորման խնդրին՝ ներկայացնելով բեռնափոխադրող կազմակերպությունների խնդիրներն ու պահանջները:
Հիշեցնենք՝ բեռնափոխադրողները պնդում էին, որ վարորդները մեքենան վարելուց բացի պետք է սահմանը հատելու ժամանակ գրագետ փաստաթղթավորում իրականացնելու հմտություններ ունենան, որպեսզի հետագայում թե՛ իրենք խնդիրներ չունենան, թե՛ բեռնափոխադրում իրականացնող կազմակերպությունները:
Հիմա առաջացել է նոր պահանջ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած նախագծի համաձայն՝ նախատեսվում է խստացնել փոխադրում իրականացնող կազմակերպությունների համար լիցենզիա ստանալու գործընթացը։
Ըստ այդմ՝ փոխվելու են միջպետական ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների համար կիրառվող կարգերը:
Բացի այդ, նոր պահանջներ են դրվում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող վարորդների առջև: Նրանք պետք է վերապատրաստում անցնեն և մասնագիտական որակավորման վկայական ստանան։
1or.am -ի հետ զրույցում ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը միանշանակ դրական համարեց այդ փոփոխությունը և նշեց, որ ոլորտում իրականացվելիք խստացումները պահանջված քայլ է, և պետք էր դրանով ավելի վաղ զբաղվել: Մասնագետի ներկայացմամբ այսօր փոխադրում իրականացնող շատ վարորդներ կան, որոնք իրավունք չունեն այդ աշխատանքով զբաղվել։
«Ամեն D կարգ ունեցող վարորդ չի, որ կարող է ավտոբուս վարել, ուղևորափոխադրում իրականացնել։ D կարգ ստանալը դեռևս բավարար չէ: Ես բավական երկար զբաղվել եմ այս հարցով։ Եթե այսօր վերջապես մենք էլ ենք հասել այն մակարդակին, որ վարորդը դա լուրջ մասնագիտություն է և այդ հմտություններն ունենալու համար պետք է ինչ-որ մի տեղ սովորել, թեկուզ ինքնուս՝ փաստ է: Մարդը պետք է սովորի, որ կարողանա դառնալ ավտոբուսի կամ այլ փոխադրամիջոցի վարորդ։ Հենց այնպես չեն դառնում վարորդ»,- ասաց Հ. Եղիազարյանը:
Արմեն Ասատրյան