Կփակվի մանիպուլյացիաներ իրականացնելու ևս մեկ դուռ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյս տարի առաջին անգամ Երևանի քաղաքապետին կից ձևավորվել է «Սոցիալական աջակցության տրամադրման խորհուրդ»: Այն կօգնի քաղաքապետին՝ որոշելու աջակցության ծրագրերն ու դրանց տրամադրման ձևերը: Խորհուրդը ստեղծվել է սոցիալական ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ սոցիալական աջակցության տրամադրումն արդյունավետ դարձնելու համար:
Բացի այդ, խորհուրդը նպատակ է հետապնդում, որ իրականացվող ծրագրերը մեկ անձի որոշման արդյունք չլինի: 15 հոգուց բաղկացած խորհուրդը բաղկացած է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի 4 աշխատակցից, 3 ավագանու անդամից, 2 միջազգային կազմակերպության ներկայացուցչից, 3 հասարակական կազմակերպության ներկայացուցչից և 3 անհատ փորձագետից։ Այսուհետ Երևանի յուրաքանչյուր համայնքի սոցիալական աշխատողը կգնահատի համայնքի բնակիչների կարիքները և կմշակի անհատական զարգացման պլան՝ ըստ կարիքի։
Խորհուրդի ստեղծման անհրաժեշտության մասին մանրամասն տեղեկանալու համար 1or.am-ը զրուցել է տարբեր սոցիալական աշխատողների հետ: Նրանց կարծիքով՝ խորհուրդը կօգնի ավելի լավ հասկանալ ամեն համայնքի խնդիրները, իսկ աջակցության տրամադրումը կլինի ավելի հասանելի։
«Աշխատանքի նման հնարավորության դեպքում վարչական շրջանները կկարողանան ծրագրեր մշակել ու ներկայացնել խորհրդի հաստատմանը։ Լավ չէ, երբ այն իրականացվում է մեկ կողմի որոշմամբ։ Այս խորհրդում, փաստորեն, կլինեն պետական ու ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ և կարծում եմ օգնության տրամարդումն ավելի անաչառ կլինի»,- ընդգծեց մեր զրուցակիցներից Աննա Վարդանյանը։
Նա նաև նշեց, որ նախկինում ամեն վարչական շրջան ինքն էր տրամադրում օգնությունը համայնքի բնակիչներին, և չի եղել կարիքների գնահատման մեխանիզմ։ Քաղաքացին դիմումը գրել և ստացել է օգնությունը։ Բայց տեղում կարիքների գնահատում չի իրականացվել և դժվար է եղել իրականում հասկանալ, թե քաղաքցին որդյո՞ք ունի դրա կարիքը: Այսինքն՝ այս խորհրդի աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի քարտեզագրել յուրաքանչյուր համայնքի կարիքավորների թիվը, ուղղությունն ու խնդիրները և փորձ կարվի համալիր լուծումներ գտնել դրանց հաղթահարման համար: Եվ, այլևս, հնարավոր չի լինի կամայական որոշումներ կատարել առանց կարիքները գնահատելու, կամ դրանց հետագծելիությունը գնահատելու: Արդյունքում տրամադրվող օգնությունը կծառայի կոնկրետ նպատակի և այդ դեպքում դժվար կլինի նաև մանիպուլյացիաներ իրականացնել, համոզված էին մեր զրուցակիցները:
Աննա Փիլիպոսյան