Զավեշտալի է, երբ կոշկավաճառին մեղադրում են խանութում նարինջ չվաճառելու մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրկար տարիներ, հասարակությունն օտարված լինելով իշխանություններից, պաշտոնյաներին ընկալել է որպես տեղական վասալների և գլխիկոր կատարել է վերևներից եկող ցանկացած հրագհանգ: Վերջին տարիներին, սակայն, երբ այդ ընկալումները փոխելու փորձ է արվում, տպավորությունն այնպիսին է, որ փորձ է արվում ամեն ինչ քաոսի վերածել: Հիմա, խորը քնից արթնացած հասարակությունը հանկարծ, իր համար պարզել է, որ ոչ թե ինքն է համայնքի ղեկավարի և մյուս պաշտոնյաների ծառան, այլ հակառակը և սկսել է այնպիսի պահանջներ ներկայացնել, որոնք, շատ հաճախ որևէ կապ չունեն այս կամ այն պաշտոնյայի պաշտոնից բխող պարտականությունների հետ:Քիչ չեն նաև դեպքերը, երբ շրջանառության մեջ է դրվում իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկություն և այն տիրաժավորելով, տպավորություն ստեղծվում, թե աշխարհը ուր որ է գլխիվայր շուռ է գալու:
Վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող քաղաքացիները ԱԳ նախարարից պահանջում էին, որ գերատեսչության ղեկավարը ՌԴ իշխանություններին ստիպի, կամ՝ պահանջի, որ ՀՀ քաղաքացիներին թույլատրեն վերադառնալ Ռուսաստան: Նախարար Զ. Մնացականյանի՝ ժողովրդին համոզելու բոլոր ջանքերն այդպես էլ չընկալվեցին և ըմբոստացած հասարակությունը շարունակեց արտաքին գերատեսչությունից պահանջել, որ հայկական կողմը հատի անհնարինության բոլոր սահմանները և իրենց հարցին լուծում տա: Քաղաքացիները, նույնիսկ հայտարարեցին, որ եթե ՌԴ-ն ՀՀ-ից ՌԴ մեկնել ցանկացող քաղաքցիներին երկիր մուտք գործելու որոշում չկայացնի, ապա իրենք ավտոբուսներով կմեկնեն Հայաստան-Վրաստան սահման և իրենց բողոքի ակցիան սահմանին կշարունակեն:
Վերջին շրջանում հարևան Վրաստանում սկսվել է համավարակի դեպքերի կտրուկ աճ արձանագրել: Փակ են երկրի բոլոր սահմանները, Վրաստանը հայտնվել է վտանգավորության նարնջագույն գոտում: Այսինքն՝ պարզ է, որ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներն ինչքան էլ պնդեն, պայքարեն, միևնույն է, հասկանալի պատճառներով, դեռ երկար ժամանակ չեն կարողանալու ցամաքային ճանապարհով հասնել Ռուսաստան: Ի դեպ, Ռուսաստան մեկնելու այլ, ավելի քաղաքակիրթ տարբերակ ևս կա, բայց, չգիտես ինչու մարդիկ չեն ցանկանում սպասել: Խոսքը ՌԴ քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին ՌԴ դեսպանատան միջոցով չարտերային թռիչքով տեղախոխելու մասին է, բայց բողոքավորներին այդ ճանապարհը գրավիչ չի թվում, թեև այս ճանապարհով շատերն են մեկնել Հայաստանից:
Ստացվում է, որ ժողովուրդը երկրի ու սեփական իրավունքն իրացնելու տերը լինելու դրվագը հասկացել է, բայց այդպես էլ չի կարողացել ընկալել, թե որտեղ են ավարտվում իրենց իրավունքները և երկրի իշխանությունների պարտականությունները: Հակառակ դեպքում կստացվի հայտնի անեկտոդի նման, երբ կոշկավաճառին մեղարդում են, թե ինչու խանութում նարինջ չի վաճառվում:
Մարիամ Գաբրիելյան