Փաշինյանի «անոնիմ» կեցվածքը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻնչպես և կանախատեսելի էր Բելառուսում ընթացող իրադարձություններից անմասն չմնաց նաև ՀՀ քաղհասարակությունը, որոնք տարբեր առիթներով ինչ-ինչ կոչերով ու հայտարարություններով էին հանդես գալիս՝ ի պաշտպանություն բելառուսական ընդդիմության։ Նախօրեին Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՀ-ում Բելառուսի դեսպանության դիմաց։ Մի քանի ցուցարարները իրենց խոսքով եկել էին աջակցություն հայտնելու բելառուս ժողովրդին, որ նրանք չվախենան, պայքարեն իրենց ազատության համար, որ բռնապետությունը ապագա չունի, ընթացքում էլ ՀՀ իշխանությունից նորից բողոքեցին, թե ինչպես կարելի է ժողովրդավարության ռահվիրա լինելով շնորհավորել «բռնապետին»:
Այս ամենի մեջ ամենահետաքրքրականը հատկապես բողոքի ակցիայի մասնակիցների կազմն էր: Ակցիային մասնակցում էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող, «սորոսական» համարում ունեցող Դանիել Իոննիսյանը, կազմակերպման մեջ մեծ դերակատարություն ուներ նաև «Armenian Progressive Youth» ՀԿ-ն, որի ղեկավարն ու հիմանդիրը Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն է։ Ցուցարարների շարքերում էր նաև ՀԱԿ անդամ Արմեն Մարտիրոսյանը, որին պատկանող «Անտարես» հոլդինգը, վերջին 2 տարում պետբյուջեից 11 անգամ մեկ անձից գնման ընթացակարգով գումար է ստացել. ընդհանուր՝ ավելի քան 136 միլիոն դրամ։ Մյուս էքստրովագանտ կերպարը փաստաբան Տիգրան Եգորյանն է, ով հանդիսանում է «Մարտի 1-ի» զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչը և նրա կինը Լուսինե Հակոբյանը, ով «Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահն է, որին ևս ֆինանսավորում է Սորոսի հիմնադրամը: Այնտեղ էր նաև նույն հիմնադրամից ֆինանսավորվող «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: Իր մասնակցությունն էր ապահովել նաև նույն ֆինանսական ծագումն ունեցող «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը։
Ակնհայտ է, որ ներկայացված ցանկից պարզ է դառնում, որ ակցիայի բոլոր մասնակիցները բացի այն, որ սորոսական են կամ ՀԱԿ անդամ, նաև մերձիշխանական քարոզիչներն են: Ստացվում է՝ Բելառուսի դեսպանատան մոտ, նախագահ Լուկաշենկոյից բողոքում էին Նիկոլ Փաշինյանի աջակիցները, այսինքն, հնարավոր է` միջնորդավորված ներկայացնում էին նաև Փաշինյանի կարծիքը: Առաջին անգամ չէ, երբ Նիկոլ Փաշինյանը իր խոսքը տեղ հասցնելու համար ընտրում է ալտերնատիվ տարբերակներ, երբեմն դա իր թիմակիցներից մեկն է դառնում, երբեմն իր ընտանեկան թերթում գրված անանուն խմբագրականները, երբեմն էլ «հավատարիմ» աջակիցները: Այս դեպքը ուշագրավ է նաև ՀԱԿ աջակիցների առումով, քանի որ նախօրեին ՌԴ դեսպանի հետ էր հանդիպել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, քննարկել տարբեր հարցեր։
Անդրանիկ Կիրակոսյան