Ուռուցքներում թթվածնի պակասը նպաստում է քաղցկեղի մետաստազավորմանը. հետազոտություն
ՖՈՏՈՉարորակ ուռուցքի մետաստազավորումը շատ վտանգավոր երևույթ է, որը կարող է լուրջ բարդությունների պատճառ դառնալ։ Մետաստազը ձևավորվում է քաղցկեղի բջիջներից, որոնք պոկվում են առաջնային ուռուցքից, սակայն այժմ Բազելի համալսարանի գիտնականները պարզել են, որ այս գործընթացը կարող է պայմանավորված լինել թթվածնի պակասով։ Հետազոտությունը ցույց է տվել, որ ուռուցքին թթվածնի մատակարարման գործընթացի և մետաստազների ձևավորման միջև կա շատ կարևոր փոխադարձ կապ, ինչը թույլ է տալիս մշակել քաղցկեղի բուժման նոր մեթոդներ։
Բազելի համալսարանի կենսաբժշկության ամբիոնի պրոֆեսոր Նիկոլ Աչետոյի հետազոտական խումբն ապացուցել է, որ ուռուցքից բջիջների անջատման համար պատասխանատու է հենց թթվածնի պակասը։ Հետազոտությունների ընթացքում գիտնականները գիտափորձեր են անցկացրել կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ մկների վրա։ Գիտնականները վերլուծել են այդ ուռուցքների ներսում թթվածնի մատակարարման ու բջիջների անջատման գործընթացները, ինչպես նաև դրանց մոլեկուլյար ու բջջային կենսաբանական առանձնահատկությունները։
Հետազոտությունը ցույց է տվել, որ ուռուցքի տարբեր հատվածները տարբեր կերպ են թթվածին ստանում։ Պարզվել է, որ այն հատվածները, որոնք ունեին ավելի քիչ արյունատար անոթներ, ավելի վատ էին հագենում թթվածնով։ Ավելին՝ գիտնականներն ուսումնասիրել են այդ ուռուցքներից պոկված բջիջների խմբերն ու նկատել, որ դրանք նույնպես չէին ստանում բավարար թթվածին։ Արդյունքում մասնագետները եկել են այն եզրահանգման, որ բջիները պոկվում են ուռուցքից, եթե չեն ստանում բավարար թթվածին։
Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ բավարար քանակությամբ թթվածին չստացող բջիջների խմբերը խիստ վտանգավոր են, քանի որ ի տարբերություն բավարար քանակությամբ թթվածին ստացող բջիջների դրանք ավելի արագ էին մետաստազներ ձևավորում և նվազեցնում էին մկների կյանքի տևողությունը։