60 մլն դոլարի առեղծվածը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերջերս ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտարարություն էր տարածել, համաձայն որի՝ ՌԴ և ՀՀ տրանսպորտային գերատեսչությունները կարգավորել են տարաձայնությունները Հարավկովկասյան երկաթուղու գործունեության ոլորտում: Սա այն դեպքում, երբ այս թեմայի հետ կապված առկա էր բավականին լուրջ տարաձայնություններ, որի մասին, տարբեր առիթներով, բարձրաձայնել էին երկու կողմերը։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ արձանագրությունը ստորագրել են ՌԴ տրանսպորտի փոխնախարար, երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Տոկարևը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
Այսպիսով, ըստ ռուսական կողմի՝ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն ու Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կարգավորել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ֆինանսատնտեսական գործունեության հետ կապված բոլոր տարաձայնությունները: Հարկ է փաստել, որ ռուսական կողմի տարածած այս հայտարարությունը մի շարք հարցերի տեղիք է տալիս: Տվյալ իրադրւթյունում տեղին է հիշել Նիկոլ Փաշինյանի 2018թ. սեպտեմբերին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում արված այն միտքը, որ «Ռուսական երկաթուղիների» 100 տոկոսանոց «դուստր ձեռնարկություն» հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում 60 միլիոն դոլարի չարաշահում է հայտնաբերվել:
Ի դեպ՝ ավելի ուշ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ երկաթուղում սկսված ստուգումների արդյունքում բացահայտված չարաշահումները հասնում են 104 միլիոն դոլարի։ Այս վերոնշյալ փաստերի համադրությունից տրամաբանական հարց է առաջանում, թե ի՞նչ եղավ 60 մլն դոլարի չարաշահման մասին Փաշինյանի պնդումը: Նույն տրամաբանությունը հարցից հետո հուշում է տրամաբանական երկու տարբերակ․առաջին՝ Փաշինյանը ժամանակին անհիմն հայտարարություն է արել, ինչը բնորոշ է նրան, և իրականում այդպիսի մեծ չափի չարաշահումներ չեն եղել, և երկրորդ՝ երկաթուղում եղել է մեծ թալան, բայց ռուսական կողմին հաջողվել է հայկական կողմի հետ բանակցությունների արդյունքում այս կամ այն կերպ լուծել հարցը (այստեղ էլ գործ ունենք կասկածելի կոռուպցիոն սխեմայի հետ):
Այս ողջ պատմության մեջ ամենաուշագրավ դրվագներից մեկն էլ այն է, որ հայկական կողմն այդ մասին լռում է, և հայտարարությունը տարածում է ՌԴ տրանսպորտի նախարարությունը, իսկ տարածած տեքստից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ չարաշահումներ ընդհանրապես չեն էլ եղել: Այնուամենայնիվ, անկախ ամեն ինչից, ՀՀ կառավարությունը և անձամբ Փաշինյանը պետք է բացատրություն տան, թե ինչ եղավ այդ 60 մլն դոլարի չարաշահումը, ճիշտ էր Նիկոլի հայտարարությունը և եթե այդ պնդումը ճիշտ է եղել, ապա ինչպե՞ս է լուծվել այդ հարցը:
Անդրանիկ Կիրակոսյան