Սպիրտի մահացու հետևանքները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆախօրեին բոլոր լրատվական «սլոգոններում»՝ Արմավիրն էր։ Եվ սա բնական է, քանի որ այնտեղ տեղի ունեցած դեպքերի պատճառով կան մարդկային զոհեր։ Առաջին դեպքը օղու անօրինական, տնայնագործական արտադրանքի մասին է, ինչի օգտագործելու պատճառով մահացել է տասը մարդ, մյուսը՝ կոնյակի օրինական արտադրամասում գրանցված հրդեհի, որի պատճառով մահացածների թիվը երկուսն է, ևս չորսը վիրավոր են։ Հրդեհը, ըստ նախնական գնահատականների, անզգուշության պատճառով է բռնկվել, զոդման աշխատանքների ժամանակ։
ՀՀ ոստիկանության Արմավիրի վարչության և ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է ենթադրյալ օղի արտադրողը կամ գուցե վերավաճառողը: Բռնագրավվել է չիրացված ոգելից խմիչքի խմբաքանակը, քայլեր են ձեռնարկվում նաև քաղաքացիների կողմից ձեռք բերված խմբաքանակները հայտնաբերելու և բռնագրավելու ուղղությամբ: Ըստ նախնական վարկածի և թունավորման ախտանիշների` խոսքը գնում է մեթիլ սպիրտից թունավորման մասին: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներին են միացել նաև Երևանի կենտրոնից մասնագետներ, որոնց նշյալ օղու առգրավված խմբաքանակից տրամադրվել են նմուշներ` լաբորատոր փորձաքննություն իրականացնելու համար:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ևս մեկ անգամ կոչ է արել քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց և հիշեցրել, որ անհայտ ծագման խմիչքների շրջանառությունն արգելված է։ Այստեղ մի պահ կանգ առնենք, և գնահատենք իրավիճակը․ այստեղ է, որ առաջ են գալիս բազմաթիվ հարցեր։
Ո՞վ չգիտի, որ Հայաստանում կան կոնյակի, գինու և օղու կեղծարարներ, ովքեր բացի մաքուր սպիրտից, օգտագործում են ինչ պատահի՝ շաքար, սննդային ներկեր, արոմատիկ նյութեր, անհայտ ծագումով էժանագին սպիրտներ և այսպես շարունակ։ Արդյունքում՝ «Աստվածների ու թագավորների» խմիչքը դառնում է առողջության համար խիստ վտանգավոր, իսկ որոշ դեպքերում՝ պարզապես մահացու։ Ու բնավ զարմանալի չէ, եթե պարզեք, որ Երևանի առևտրի որևէ կենտրոնից գնված օղին կամ Մոսկվայում վաճառվող հայկական կոնյակը լինեն կեղծված։ Ու ցավն այն է, որ շատ հաճախ գնորդներն էլ գիտեն այդ մասին։ Դե՝ պարզապես հնարավոր չէ չկռահել՝ դատելով դրանց գներից։ Ժամանակն է սահմանել խիստ, բայց անհրաժեշտ ստանդարտներ և վերահսկողություն։
Անդրանիկ Կիրակոսյան