Ավտոբուսները տեխնիկապես հանգեցված են լինելու և հարմարեցված՝ հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ1or.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Երևանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտային նոր ցանցի ներդրմանն ու հին ավտոպարկը նորով փոխարինելու գործընթացին նշել էր, որ 15 տարեկան գազելները, որոնք ներկայում սպասարկում են մայրաքաղաքի ուղևորներին, պետք է այս ամռան ընթացքում դուրս մնացած լինեին ցանցից և ուղևորափոխադրում իրականացնելու հնարավորություն չունենային, իսկ քաղաքապետարանի կողմից հայտարաված նոր մրցույթը, ըստ նրա, խոսում է այն մասին, որ մրցույթի մասնակիցներին կրկին հնարավորություն է տրվել մեզ հայտնի որակի գազելներ ձեռք բերել:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն, անդրադառնալով տրանսպորտային բարեփոխումների ծրագրի ընթացքին, 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանը վաղուց հայտարարել է, որ որոշակի մաշվածություն ունեցող տրանսպորտային միջոցներն այլևս չեն կարողանա շահագործվել: Ուստի ուղևորները պետք է վստահ լինեն, որ իրենց անվտանգության հաշվին որևէ զիջումներ չեն լինելու: Ինչ վերաբերում է նոր շարժակազմի ձեռք բերման գործընթացին, ապա գաղտնիք չէ, որ տրանսպորտային ցանցի վերազինման շրջանակներում ապրիլ ամսին հայտարարված 12 մետրանոց 100 ավտոբուսի ձեռք բերման մրցույթում որևէ կազմակերպություն չի շահել:
Բայց սա ամերևին էլ չի նշանակում, որ գործընթացը չի շարունակվում:
«Մրցույթին մասնակցած երկու կազմակերպություններն էլ չեն համապատասխանել ներկայացված չափանիշներին և քաղաքային իշխանությունը, ի դեմս քաղաքապետ Հայկ Մարությանի, տրանսպորտային ռեֆորմի շարունակականությունը ապահովելու համար որոշում է կայացրել փոքր տարողությամբ ավտոբուսների մրցույթ հայտարարել: Եվ ինչ անուն էլ տան նոր ավտոբուսներին, դրանք միկրոավտոբուսից տարբերվում են մի շարք հնարավորություններով:
Մասնավորապես՝ սրահի բարձրությունը պետք է այնքան լինի, որ բարձրահասակ մարդը ազատորեն կարողանա կանգնել, պետք է ունենան մայթին հավասարեցված մուտքեր և պետք է հարմար լինեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխելու համար: Բացի այդ, մեքենաները հագեցած են լինելու նաև հովացման և սառեցման համակարգերով, էլեկտրոնային ցուցանակ է լինելու, որտեղ ֆիքսված են լինելու կանգառները, երթուղիների ուղղությունները, լինելու են նաև ձայնային ազդանշանային համակարգեր, որոնք թույլ են տալու վարորդի հետ կապ հաստատել և այլն: Տասնյակ կազմակերպություններ կան, որոնք կարող են նշված չափորոշիչների համապատասխանող ավտոբուսներ արտադրել:
Այսօր արդեն բացվել է այս մրցույթը, որին մասնակելու հայտ է նարկայացրել երկու կազմակերպություն, և գնահատող հանձնաժողովը մրցութային հայտերն ուսումնասիրելուց հետո առաջիկա օրերին կկայացնի որոշում»,- ասաց Հ. Կարապետյանը:
Քաղաքապետի խոսնակը նշեց նաև, որ փոքր ավտոբուսների ձեռք բերման գործընթացն ամենևին էլ չի նշանակում, որ մայրաքաղաքի իշխանությունները հրաժարվում են բրիտանական ընկերության ներկայացրած ծրագրից: Հակառակը, բացված մրցույթը հենց այդ ծրագրի առաջին քայլն է, որը շարունակական է լինելու:
Արմինե Գրիգորյան