Դեսից-դենից իշխանությունում ծվարածների մասով Փաշինյանը պետք է ավելի խորը մտածի
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՊարզվում է` բավական դժվար է լինել իշխանություն, մոտ լինել պետական բյուջեին և զսպել բյուջեի գումարները գրպանելու գայթակղությունը: Ու թեև վարչապետ Փաշինյանը հնարավոր բոլոր առիթներով հայտարարում է, որ իր ղեկավարության ընթացքում կոռուպցիայով զբաղվողները կենթարկվեն ամենախիստ պատժի ու կդատվեն, բայց, ստացվում է այնպես, որ իր թիմակիցների մոտ գումար գրպանելու գայթակղությունն ավելի մեծ է, քան դատվելու հեռանկարը, որն էլ, փաստորեն, հաղթում է մնացած բոլոր վախերին:
Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ Կառավարական առանձնատների վերջին վերանորոգման աշխատանքների ժամանակ թույլ են տրվել հարյուրավոր միլիոնների չարաշահումներ, որոնցով ներկայում զբաղվում են իրավապահները։ Խոսքը վարչապետի աշխատակազմի անմիջական հսկողության ներքո գործող ՊՈԱԿ-ի կողմից կատարված ֆինանսական չարաշահումների մասին է, որն իրականացվել է Էդուարդ Աղաջանյանի անմիջական վերահսկողության ներքո գործող «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կողմից:
Ստացվում է, որ կառավարությունում ծվարած անձինք ամենևին էլ ազգասիրությունից ու հայրենասիրությունից դրդված չեն ծվարել կառավարությունում և, հնարավորության դեպքում, չեն էլ վարանի օգտվել ցանկացած առիթից: Անշուշտ, խոսքը բոլորի մասին չէ, բայց այն, որ հեղափոխության մարտիկները ամենևին էլ ազգի նվիրյալներ չեն եղել՝ գաղտնիք չէ, ինչի մասին վկայում է նաև պետական բյուջեից ահռելի չափերի հասնող պարգևավճարներ ստանալու երևույթը: Եվ, բնական է, որ այս պայմաններում հեղափոխությանն աջակցած հասարակությունը չի կարող հանդուրժել նման երևույթները, իսկ դեսից-դենից իշխանությունում ծվարածների մասով Փաշինյանը պետք է ավելի խորը մտածի ու համապատասխան հետևություններ անի:
Արմինե Գրիգորյան