Զինվորական իշխանությունների դերը այս հաղթանակում շատ ավելի մեծ էր քան քաղաքական իշխանությունների դերը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ1or.am-ի հարցերին պատասխանում է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։
- Պարոն Մելիքյան, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երկար լռությունից հետո վերջապես խոսեց, ըստ ձեզ նա իր ելույթով ի՞նչ նպատակ էր հետապնդում:
- Բոլորիս համար տեսանելի էր, որ մամուլի ասուլիսը վերաբերում էր բացառապես ապրիլյան պատերազմին, և ենթադրում եմ, որ նպատակը ապրիլյան պատերազմի հետ կապված հասարակության մեջ դեռևս մնացած հարցերի պարզաբանումներ տալն էր։ Ինչը նաև, կարծում եմ, պայմանավորված էր ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովի զեկույցի մոտալուկ հրապարակման մասին:
- Սերժ Սարգսյանը, ինչպես նշեցիք, անդրադարձավ ապրիլյան պատերազմին և այն համեմատեց հուլիսյան մարտերի հետ՝ հուլիսյան մարտերը անվանելով փոքրածավալ գործողություն: Ըստ ձեզ որքանո՞վ էր ներկայիս իշխանության դերը հուլիսյան մարտերի հաղթական ավարտի գործում:
- Ներկայիս իշխանություններ ասվածը շատ լայն է, ներկայիս իշխանություններ են նաև զինվորական իշխանությունները, մեր բանակի հրամանատարությունը, և սա Հայաստանի Հանրապետության հաղթանակն էր, որտեղ որ, կարծում եմ, զինվորական իշխանությունների դերը շատ ավելի մեծ էր այս մարտական գործողություններում գրանցված հաջողության մեջ, և հակառակը, քաղաքական իշխանությունների դերը շատ ավելի փոքր էր համեմատած այլ շրջանների հետ այն պարզ պատճառով, որ քաղաքական իշխող ուժի ներկայացուցիչները, որպես կանոն, հեռու են զինվորական գործից։
- Ինչպե՞ս եք գնահատում Կոռուպցիայի դեմ պայքարը:
- Այս ընթացքում, այն փոփոխությունները, որոնք, օրենսդրորեն կատարվում են, ես արդյունավետ չեմ համարում կոռուպցիայի դեմ պայքարի տեսակետից։ Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի իրական վիճակին, ապա մի շարք ուղղություններով ակնհայտ է, որ ունենք ավելի վատ վիճակ, դրա ամենավառ դրսևորումը, օրինակ, մեկը ակտիվ գնումների ծավալն է, որը էապես աճել է, և առհասարակ, իմ պատկերացմամբ, այդ ոլորտում մենք հաջողություններ չունենք այն ժողովրդահաճո կամ խիստ քաղաքական գործիքները, որոնք, որ քաղաքական ուժը ուզում է կիրառել, դա ապօրինի գույքի հետ կապված գործիքակազմն է, քաղաքացիաիրավական, այս ուղղությամբ մենք ուղղակի կարող ենք հիշել, թե ինչ ստացավ պետությունը, երբ որ շատ կասկածելի հանգամանքներում ստանձնեց ծաղկաձորյան « Գոլդեն Փելես» հյուրանոցի սեփականությունը։ Առհասարակ, մենք այս ոլորտում ունենք գաղափարական խնդիրներ, պետությունը լավ չի պատկերացնում կոռուպցիայի դեմ պայքարի փիլիսոփայությունը։
Սոնա Գիշյան