Ջրաձորցիները ոգևորվել են կառավարության որոշումից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊարզվում է` Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի բնակիչները երկար են սպասել այն օրվան, որ իրենց համայնքի տեղափոխվելու հարցը լուծվի: Ջրաձորցիները երկրաշարժից հետո, երկար տարիներ չեն կարողացել բարելավել իրենց բնակարանային պայմանները: Տարիներ շարունակ սպասել են, թե երբ է իրենց հարցը լուծվելու և, փաստորեն, վերջապես կառավարության որոշմամբ լուծվեց շատ կարևոր՝ գյուղի վերաբնակեցման հարցը, որը թույլ կտա նոր թափով զարգացնել համայնքը:
Ջրաձորի համայնքապետ Գևորիկ Հովակյանը 1or.am-ի հետ զրույցում ասաց, որ նոր կառուցվող համայնքի տեղն արդեն ընտրվել է, որը տարածքի ամենալավ հատվածն է համարվում: Որոշումը կայացրել են համայնքի ավագանու և բնակիչների հետ համատեղ: Ընտրված վայրը մոտ է ճանապարհին, ինչը շատ կարևոր է:
«Որոշումը կայացվել է ամբողջ համայնքի կողմից, բոլոր տներից ներկայացուցիչ է եղել։ Եվ կարող եմ ասել, որ հողհատկացման հարցը կոլեկտիվ որոշման արդյունք է եղել։ Ոչ մի դժգոհություն չկա գյուղի տեղափոխման հետ կապված։ Քանի տարի է՝ մեզ չէին թողնում մեր տները նորոգել, իսկ տեղափոխման հարցն այսքան տարի օդում կախված էր մնացել: Հիմա բոլորը շատ ուրախ են, քանի որ մի քանի հարց միանգամից կլուծվի։ Ճիշտ է կառուցապատումը փուլերով է լինելու, բայց կարևորն այն է, որ սայլը տեղից կշարժվի»,- ասաց Գ. Հովակյանը:
Համայնքապետը տեղեկացրեց նաև, որ բնակիչները ևս շատ ոգևորված են կառավարության այս որոշումից: Բազմաթիվ մարդիկ են զանգահաում, շնորհավորում: Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստի ժամանակ որոշում կայացվեց վերաբնակեցնել Կապսի ջրամբարին մոտ գտնվող համայնքը և նոր կառուցվելիք գյուղի ամբողջ ծախսը կատարել պետական ռեսուրսների հաշվին:Նախատեսվում է կառուցել նոր տիպի բնակավայր, որը կունենա նաև զբոսաշրջային գրավչություն։
Կառուցապատումն, ամենայն հավանականությամբ, կսկսվի 2021 թվականին։ Մինչ այդ, մրցույթ կհայտարարվի և կառուցող ընկերություն կընտրվի: Նախատեսվում է կառուցել 78 տուն, իսկ երեք ընտանիք որոշում է կայացրել տան դիմաց բնակարանի գնման վկայագիր վերցնել, բայց համայնքի ղեկավարը կարծում է, որ գուցե նրանք էլ փոշմանեն և միանան մնացած գյուղացիներին, քանի որ վկայագրով հատկացված գումարը չի բավարարի նոր բնակարան գնելու համար։
Վարդան Հովսեփյան