Երեխաների դեմ բռնություն գործադրելը ոչ թե դաստիարակչական ձև է, այլ գիտակցության պակասի հետևանք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ մտահոգիչ է համարել Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեությունը և այն գնահատել անարդյունավետ: Պարզվում է, որ այս մարմինների աշխատակիցները չունեն նաև մասնագիտական անհրաժեշտ պատրաստվածություն համայնքում երեխաների իրավունքների պաշտպանության ապահովման իրենց գործառույթը պատշաճ իրականացնելու համար, մինչդեռ նրանց գործունեությունը պետք է անմիջականորեն կապված լիներ երեխաների սոցիալ-հոգեբանական և առողջական բարեկեցության ապահովմանը:
Ուշագրավ է, որ ՄԻՊ-ը մշտապես բարձրաձայնել է այս մարմինների գործունեության դատապարտելի վիճակը, ուշադրություն հրավիրել գործառույթների բացարձակ անարդյունավետ իրականացման, ինչպես նաև դրանց վտանգավոր դրսևորումների մասին, բայց, ինչպես երևում է դրանք ոչ միայն անտեսվել են պատկան կառույցների կողմից, այլև հետևություններ չեն արվել: Հոգեբան Սամվել Խուդոյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ տավուշյան դեպքը մտահոգիչ է և ցավալին այն է, որ նման դեպքերի ուսումնասիրությունները վկայում են, որ երեխաների հանդեպ բռնություն իրականացնողները, որպես կանոն, մանկության շրջանում իրենք էլ են բռնության ենթարկված եղել: Այդ պատճառով էլ այդ մեթոդը համարում են երեխայի դաստիարակության մեթոդ:
Հոգեբանի դիտարկմամբ հասարակության անտարբեր վերաբերմունքը ևս նպաստում է, որ նման դեպքերի դրսևորմանը: Խոսելով ազդարարի ինստիտուտի մասին՝ Ս. Խուդոյանը նշեց, որ մեր հասարակությունում զարգացած չէ նաև անանուն զանգերով պատկան մարմիններին իրազեկելու պրակտիկան, քանի որ նման մարդկանց անվանում են «գործ տվողներ», ինչը հին ժամանակներից մնացած քրեական ենթամշակույթ կրելու հետևանք է, որը, ցավոք, դեռ շարունակվում է:
«Այսօր, շատ-շատերը, հատկապես՝ նախկինները, որոնք իրենց էությամբ հանցագործներ էին, հասարակության մոտ ձևավորել են այն կարծիքը, թե ահազանգելը վատ երևույթ է: Մինչդեռ, բռնություն գործադրողի հենց հարևանը, բարեկամը պետք է պատկան մարմիններին ահազանգի, որպեսզի հնարավոր լինի կանխել նման երևույթները: Շատ-շատ ընտանիքներ կան, որտեղ կանաց, երեխաների իրավունքները չեն հարգվում և ժամանակն է հասարակական կարծիք ձևովորել և այլ դաստիարակչական մեթոդներ կիրառելով փոխել մարդկանց մտածելակերպը: Հոգեբանության մեջ կա նաև ընտանեկան թերապիա ուղղությունը, որը շատ արդյունավետ է և՛ երեխա-ծնող կոնֆլիկտները, և՛ ամուսինների կոնֆլիկտները հարթելու համար: Բայց երբ ընտանիքն ինքն է հիվանդ և չեն գիտակցում, որ բռնություն են գործադրում, այդ դեպքում պետք է հասարակությունը ինչ-որ կերպ միջամտի և այդպիսի ընտանիքներին օգնի դուրս բերել նման ծանր կացությունից»,-ասաց Ս. Խուդոյանը:
Հասմիկ Սարգսյան