Պապից բացի պետք է պատասխան տա նաև հասարակությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏավուշի մարզի Խաշթառակ գյուղի 6-ամյա երեխան, որը դաժան ծեծի էր ենթարկվել պապի կողմից, այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ: Ընդամենը մի քանի ամիս առաջ հիվանդանոցից դուրս գրվեց Գյումրիում ծեծի ենթարկված 14-ամյա մի աղջնակ, ով ևս դաժան բռնության էր ենթարկվել և երկար ժամանակ ապաքինվում էր հիվանդանոցում: Երբ նման դեպքեր տեղի են ունենում մեգապոլիսներում, առաջին միտքը, որը ծագում է մարդու գլխում այն է, որ ամենայն հավանականությամբ երեխան անտարբերության է մատնված եղել և բռնության է ենթարկվել դայակի, կամ այդ ընտանիքի հետ կապ չունեցող որևէ մեկի կողմից:
Բայց, երբ Հայաստանում, այն էլ փոքրիկ գյուղում կամ քաղաքում է նման դեպք տեղի ունենում, այն էլ հարազատի կողմից, այդ երևույթին գնահատական տալու համար քաղաքակիրթ խոսքեր գտնելը դառնում է անհնարին: Ավելի են խտանում ու մռայլվում գույները, երբ նման դեպքերը բացահայտում են, թե ինչքան է փոխվել հայ հասարակության մտածելակերպը, որի համար երեխայապաշտությունը մշտապես եղել է ամենաբարձր մակարդակի վրա:
Բայց, պարզվում է, որ հասել ենք նրան որ անգամ մի փոքրիկ գյուղում պապը սեփական թոռանը պաշտպանելու փոխարեն կարող է այնպես դաժանաբար ծեծել, որ երեխան մահանա: Հարց է ծագում, իսկ ինչո՞ւ համայնքի ղեկավարները, տարեցները, որոնք կարող էին ժամանակին կանխել աղետը ժամանակին քայլեր չեն ձեռնարկել և իրենց աջակցությունը չեն հայտնել անչափահաս մանկահասակ երեխաներին: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը պետք է հասարակության յուրաքանչյուր անդամ ինքն իրեն տա, որպեսզի հետայսու ոչ միայն կանխվեն նման դեպքերը, այլ ընդհանրապես վերանան մեր իրականությունից:
Հասմիկ Միքայելյան