Փաշինյանական իշխանությունը սկսել է կրկնել նախորդ իշխանությունների սխալները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նոր վիճակագրական տվյալներ է հրապարակել: Մասնավորապես՝ 2020 թվականի հուլիսին ՀՀ-ում աշխատող քաղաքացիների համախառն աշխատավարձի ֆոնդը կազմել է 127 մլրդ 391 մլն ՀՀ դրամ: Սա այն գումարն է, որը վճարվել է գործավորներին և որի դիմաց եկամտային հարկ է հաշվարկվել, Facebook-ի իր էջում գրել է Փաշինյանը: Ըստ նրա՝ նույն ցուցանիշը 2020թ. հունիսին կազմել է 120 մլրդ 846 մլն դրամ, իսկ 2019թ. հուլիսին՝ 117 մլրդ 627 մլն դրամ:
Մի քանի օր առաջ էլ վարչապետը հրապարակել էր 2020 և 2019 թվականների հուլիս ամիսների տվյալները աշխատավարձ ստացողների աշխատատեղերի քանակի մասին, որը կրկին աճել էր, բայց հետաքրքիր է , որ այդ աճը, ինչպես նախկին իշխանությունների դեպքում տեսանելի է միայն թղթի վրա և միայն թվերի ձևով: Մինչդեռ, իրականում մարդկանց կարծիքով սոցիալ-տնտեսական վիճակը գնալով լարվել է, հասնելով կրիտիկականի: Հատկապես համավարակով պայմանավորված` իշխանական վերնախավի պարգևատրումների ֆոնին լավատեսական աճ ցույց տվող թվերն էլ ավելի են զայրացրել հասարակությանը, քանի որ, իրականում պատկերն այն չէ, ինչ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը:
1or.am-ը փորձեց հարցախույզով պարզել, թե հասարակությունն իր մաշկի վրա զգո՞ւմ է աշխատավարձի կամ աշխատատեղերի աճի արդյունքները: Մեր զրուցակիցները, սակայն ճիշտ հակառակն էին պնդում, որ վերջին ամիսներին շատ աշխատատեղեր փակվել են, որոշ աշխատողներ սկսել են կես դրույքով աշխատել: Սա նշանակում է, որ իրականում թե՛ եկամուտների, թե՛ աշխատատեղերի կրճատում է եղել: Այս պայմաններում, առնվազն, հասկանալի չէ, թե հեղափոխական իշխանությունները ինչո՞ւ են սկսել հասարակությունից տարբեր զուգահեռ իրականության մեջ ապրել:
Երկու տարբերակ կա՝ կա՛մ սովորույթի ուժով Փաշինյանին սխալ տվյալներ են ներկայացնում, կա՛մ իշխանությունները սկսել են նախկինների նման իրենց կաբինետի պատուհանից նայել իրականությանը: Երկու դեպքում էլ ստացվում է, որ փաշինյանական իշխանությունը սկսել է կրկնել իր նախորդների սխալները, ինչը ավելի է հունից հանում հասարակությանը:
Արմինե Գրիգորյան