Որ դեպքերում է հարկավոր անհապաղ դիմել ուռուցքաբանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔաղցկեղն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Սա այն հիվանդություններից է, որոնց վաղ ախտորոշումը որոշիչ նշանակություն ունի բուժման արդյունավետության հարցում, քանի որ զարգանալու հետ մեկտեղ այն կարող է տարածվել ու ախտահարել նաև այլ օրգանները՝ նվազեցնելով բարեհաջող բուժման հավանականությունը։
Խնդրի վաղ ախտորոշման համար հարկավոր է իմանալ, թե որոնք են դրա մասին հուշող վաղ ախտանշաններն ու որ դեպքերում է պետք անհապաղ դիմել մասնագետին, ուստի «Рамблер/доктор» պորտալը նշել է՝ երբ է հարկավոր է բուժզննում անցնել ու խորհրդակցել ուռուցքաբանի հետ։
Ընտանեկան անամնեզ
Բժիշկների խոսքով՝ մոտ հարազատների շրջանում քաղցկեղի դեպքերի առկայությունը հուշում է այս հիվանդության զարգացման բարձր հավանականության մասին, ուստի հարկավոր է շատ զգոն լինել։ Եթե ընտանեկան անամնեզում կան նման դեպքեր, ապա 40 տարեկանից հետո խորհուրդ է տրվում տարեկան մեկ անգամ բուժզննում անցնել։ Սովորաբար նման դեպքերում մարդիկ որոշակի անալիզներ են հանձնում կամ անցնում են հետազոտությունը մագնիսառեզոնանսային շերտագրության միջոցով։ Ավելի վաղ տարիքում մասնագետները խորհուրդ են տալիս շատ զգոն լինել ու չանտեսել օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները։
Քաշի նվազում
Եթե քաշի նվազումը կապված չէ նիհարելու փորձերի, սննդակարգի փոփոխության կամ ֆիզիկական ակտիվության մեծացման հետ, ապա հարկավոր է անհապաղ դիմել բժշկին։ Այս ախտանշանը բնորոշ է քաղցկեղի գրեթե բոլոր տեսակներին։ Սա պայմանավորված է նրանով, որ մեծացող չարորակ ուռուցքն օգտագործում է օրգանիզմի ստացած սննդարար նյութերի մեծ մասը, ինչի հետևանքով էլ քաշն աստիճանաբար նվազում է անգամ որևէ ջանք չգործադրելու դեպքում։
Խալի փոփոխություն
Ուռուցքաբանին դիմելու լուրջ պատճառ է նաև խալի գույնի, ձևի կամ չափերի փոփոխությունը, ինչպես նաև խալի հատվածում քորի կամ որևէ այլ փոփոխության առկայությունը։ Բացի այդ, հարկ է հիշել, որ որևէ խալ հեռացնելուց առաջ ևս հարկավոր է անպայման նախապես խորհրդակցել ուռուցքաբանի հետ։
Այտուցվածություն կամ պնդացումներ
Մարմնի որևէ հատվածում այտուցվածություն կամ պնդացումներ հայտնաբերելու դեպքում նույնպես հարկավոր է հնարավորինս շուտ բուժզննում անցնել։ Մասնագետների խոսքով՝ նման դեպքերում հարկավոր է անպայման պարզել խնդրի պատճառն ու համոզվել, որ այն պայմանավորված չէ չարորակ նորագոյացությամբ, այլապես հետագայում քաղցկեղը կարող է հայտնաբերվել չափազանց ուշ, ինչի պատճառով բուժումը բավական արդյունավետ չի լինի։