Գորայքի լաբորատորիան կապ չունի Ամուլսարի խնդրի հետ. Շիրակ Բունիաթյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Լիդիան Արմենիան» հայտարարություն է տարածել, որ Սյունիքի Գորայք համայնքում նմուշների նախապատրաստման, անալիտիկ, գիտական քիմիական լաբորատորիայի վերաբացման մասին: Ըստ «Լիդիան Արմենիայի» լաբորատորիան Գորայքում գործել է 2007-ից, սակայն Ամուլսարի շուրջ տևական ապօրինության հետևանքով փակվել է, իսկ աշխատակիցներից շատերը բռնել են արտագաղթի ճանապարհը: Այսօր Գորայքի համար կարևոր նշանակություն ունեցող այս լաբորատորիան վերաբացվել է` հետագայում ամբողջ հզորությամբ գործելու հեռանկարով:
1or.am-ի հետ զրույցում Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիայանն ասաց, որ Լիդիանի այդ հայտարարությանը իրենք լուրջ չեն վերաբերվում, քանի որ լաբորատորիան գտնվում է Գորայքում, որտեղ ո՛չ ճանապարհները, ո՛չ էլ լաբորատորիայի մուտքերը այս ընթացքում փակ չեն եղել: Ուստի, ընկերությունը կարող էր այն չփակել:
«Հիմա ուզում են լաբորատորիան բացեն, ուզում են փակեն կամ դրա կողքը հինգ հատ ուրիշ լաբորատորիա կառուցեն, մեզ հետաքրքիր չէ: Գորայքի բնակիչները այդ լաբորատորիայի հանդեպ որևէ գործողություն չեն իրականացրել: Ուստի, անտրամաբանական է լաբորատորիայն փակելու մեջ մեզ մեղադրելը: Ինչ վերաբերում է Ամուլսարը շահագործելուն, ապա այդ մասին նրանք պետք է մոռանան»,- ասաց Շ. Բունիաթյանը:
Նա նշեց նաև որ այս ընթացքում Շրջակա միջավայրի նոր նախարարի հետ ո՛չ հանդիպում են ունեցել, ո՛չ էլ հնարավորություն են ունեցել մտքերի փոխանակում իրականացնել: Ամուլսարում այս պահին հարաբերական հանգիստ է: Հինգշաբթի Ամուլսարի պահապանները պատրաստվում են ավտոերթով գալ Երևան, իրենց պահանջը ներկայացնելու համար: Ինչ վերաբերում է իշխանությունների ներկա՝ ոչինչ չասող կեցվածքին, ապա Շ. Բունիաթյանի կարծիքով՝ վաղ թե ուշ նրանք ևս կկանգնեն ժողովրդի կողքին:
Ժաննա Ավետիսյան