Ժողովուրդը շարունակում է լավագույն դեպքում՝ տեղում դոփել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊաշտոնական վիճակագրության համաձայն 2019թ. մեր երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 6 տոկոսով, ընդորում՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճից ավելի քիչ չափով:
2020թ. առաջին կիսամյակում միջին աշխտավարձն ունեցել է նվազման միտում, որի հետևանքով հունիսին՝ հունվարի համեմատ, այն նվազել է շուրջ 5 տոկոսով, իսկ ոչ պետական հատվածում՝ շուրջ 8 տոկոսով:
Նվազագույն ամսական աշխատավարձի չափը 2019թ. չի բարձրացվել, իսկ 2020թ. այն բարձարացել է 24 տոկոսով և դարձել է 68000 դրամ: Պետական համակարգի հիմնական աշխատավարձերի չափերը որոշող բազային աշխատավարձը 2019-2020թթ չի բարձրացվել:
Այսինքն՝ կրտսեր և միջին պաշտոններ զբաղեցնող պետական պաշտոնյաների իրական եկամուտները կրճատվել են՝ գնաճով պայմանավորված: 2019-2020 թթ չի նվազել մինչեւ 150 000 դրամ ամսական աշխատավարձ ստացող՝ աշխատողների 65 տոկոսի եկամտային հարկի բեռը: Եվ ստացվում է, որ նրանց շուրջ 40 տոկոսն աշխատող աղքատներ են:
Ստացվում է, որ նվազագույն աշխատավարձի չափը թեև պաշտոնապես բարձրացվեց, սակայն դա առանձնապես չանդրադարձավ մարդկանց կենսամակարդակի բարձրացման վրա: Մինչդեռ, տնտեսությունը զարգացնելու համար նախ հարկավոր է վճարունակ քաղաքացի ունենալ, որպեսզի դրամական շրջանառությունը հասնի բոլոր ոլորտներ: Հակառակ դեպքում այն կկուտակվի կա՛մ անհատների ձեռքում, կա՛ պետական բյուջեում, իսկ ժողովուրդը կշարունակի տեղում դոփել:
Մարտին Խաչատրյան