«Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցը կալանավորվել է մեծ քանակի թմրանյութ կալանավորին փոխանցելու փորձի ժամանակ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայող Ղ. Ա.-ն, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, կաշառք տվողի ներկայացրած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար, մեկ այլ անձից նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Կ.-ի միջնորդությամբ ստացել է կաշառք, ինչպես նաև օժանդակել է դատապարտյալի կողմից առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու փորձին:
ՀՔԾ-ի հաղորդմամբ, քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ղ. Ա.-ն, թմրամիջոց սպառող դատապարտյալ Գ. Ս.-ի շահերից հանդես եկող նույն հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Ա. Կ.-ի միջնորդությամբ, վերջիններիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսն ու թմրամիջոցները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին փոխանցելու և դրանով իսկ Գ. Ս.-ի կողմից առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն օժանդակելու համար 2016թ. սեպտեմբերի 23-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Ա. Կ.-ի ընկերոջ միջոցով ստացել է Գ. Ս.-ի շահերից գործող իրեն փոխանցված կաշառքը, մեկ հատ «Նոկիա» տեսակի բջջային հեռախոս, ինչպես նաև չորս հատ բջջային հեռախոսի մարտկոցի լիցքավորիչ սարքեր, որոնցից 3-ի մեջ թաքցված են եղել խոշոր չափերով «մարիխուանա» տեսակի և զգալի չափերով «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցներ:
Հաջորդ օրը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայող Ղ. Ա.-ն փորձել է նշված արգելված իրերը մտցնել հիշյալ քրեակատարողական հիմնարկ և փոխանցել դատապարտյալ Ա. Կ.-ին, ինչը կանխվել է նույն հիմնարկի օպերատիվ աշխատակիցների կողմից:
Առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձին օժանդակելու և կաշառք տվողի օգտին ապօրինի գործողություն կատարելու նպատակով կաշառք ստանալու համար ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայող Ղ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն օժանդակելու համար հիշյալ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Կ.-ին ևս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: