Սովորեցրու ինձ իմաստության արվեստը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ- Պապի՛կ, այս գրքում այնքան գեղեցիկ թիթեռներ կան: Դու ամեն ինչ գիտես: Ասա՛, որտե՞ղ են նրանք ապրում:
- Քնի՛ր, թոռնի՛կս: Հիմա ուշ է: Թիթեռների մասին ես կպատմեմ վաղը: Բարի գիշեր: Քնի՛ր, քնի՛ր բալիկս:
- Իսկ դո՞ւ:
- Էհ, թոռնիկս, ես ծերությունից կորցրել եմ քունս:
- Խե՛ղճ պապիկ, մի՞թե քունը կարելի է կորցնել:
Եթե ես կարողանայի գտնել այն …
Հիշո՞ւմ եք մեր մանկության այս գեղեցիկ մուլտֆիլմը կամ հեքիաթը: Իհարկե, հիշում եք: Ամեն ինչ այնտեղ բնական էր ու գեղեցիկ: Զուր չի ասում ժողովրդական իմաստությունը, որ բոլոր հեքիաթներում կա անսահման ճշմարտություն:Այս մեկը ևս, միայն թե բալիկը հեքիաթում, մեր դիտարկումների պարագայում, եզակի չէ, այլ մի ողջ ժողովուրդ: Իսկ հեքիաթը հիշելու և դրանում հայ արդի հասարակությանը տեսնելու մղումն առաջացավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հերթական հարցազրույցից հետո: Որոշակի տարիքից հետո մենք նորից դառնում ենք երեխա և անկեղծորեն ու միամտաբար հայտարարում այն մասին, ինչ կա իրականում:
Եվ այսպես, պարոն Սահակյանն ասաց. «Այսօր խորհրդարանում՝ մանավանդ վերջին նիստում, բոլորը խոսում էին ատկատների, կաշառակերության, ամեն ինչը ոչնչացնելու մասին: Եվ էսպես նայում, նայում էի, տեսա հետեւյալը՝ սրանք բոլորը ժամանակին մեր հետ միասին եւ ընդհանրապես եղել են իշխանության մեջ եւ էսօր խոսում են ատկատների մասին»:
Պարոն Սահակյանն ակնարկում էր ԲՀԿ-ին: Անշուշտ, մեզանից շատերը համոզված են, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի եղել և գոնե տեսանելի ապագայում չի էլ կարող լինել, առավել ևս այն հանգամանքում, երբ հայտնի քաղաքական գործընթացներից հետո պրոքոչարյանական թևը մեծ ի մասամբ դուրս եկավ այս կուսակցությունից:
Սակայն մեր խնդիրը չէ այստեղ քննարկել ԲՀԿ-ի «դիմադիր» կամ ընդդիմադիր լինելու հարցը: Մենք ունենք այլ խնդիր ̀ պարոն Սահակյանի անկեղծացումը: Փորձելով վատ դրության մեջ դնել ընդդիմախոսներին՝ պարոն Սահակյանն անկեղծանում է ու մոտավորապես արտաբերում միտք առ այն՝ եթե ժամանակին մեզ հետ իշխանության մեջ էիք, այդ նույն կոռուպցիայով, կաշառակերությամբ և ատկատներով զբաղված չէի՞ք:
Միջին վիճակագրական հայաստանցու համար իշխանության մեջ առկա այս բոլոր խնդիրները պարզից էլ պարզ են: Բայց դրանք այլ հմայք են ստանում, երբ բարի, ծերունական միամտությամբ այդ մասին խոստովանում է Սահմանադրությամբ երկրի երկրորդ դեմքը ̀ ԱԺ նախագահը: Ընդհանրապես, վերջին շրջանում իշխող հանրապետականը չի էլ փորձում բացառել, որ Հայաստանում այդ վիճակն է:
Դա սովորաբար անում է խոսնակի շուրթերով: Այստեղ կարող ենք ինտելեկտուալ հումորի խորագույն տարրեր տեսնել և մտածել, որ նրանք շարժվում են այն սկզբունքով, որ եթե ունես արատ կամ քեզ ծաղրում են, ապա բարձրաձայնիր այդ արատի մասին առաջինը կամ առաջինը ծիծաղիր քո մասին հումորի վրա:
Դա օգնում է պարզ մարդկային իրավիճակներում, բայց երբ նույնը կիրառում ես ողջ հասարակության հետ շփվելիս, ապա այդ ծաղրի առարկան դառնում ես ոչ թե դու, այլ այդ նույն հասարակությունը, որը թողնում է իրեն անխնա ծաղրել: Իսկ երբ լրագրողները փորձեցին ճշտել պարոն Սահակյանից, թե արդյո՞ք իշխանությունն էլ է մասնակից այդ ամենին, նա տառացի պատասխանեց. «Չեմ ասում, էդ մյուս բաները դուք որոշեք: Ես ավելի մեծ բան ակնարկեցի, դուք ավելի փոքր բան կռահեցիք»: Կռահեցի՞ք: Փորձեք կռահել:
Երբեմն ինձ թվում է, թե պարոն Սահակյանի գոյությունն այդ պաշտոնին հստակ ծրագրված է: Նա շատ հաճախ արտահայտում է մառազմատիկ մտքեր, որոնք ձեռք են բերում լայն հանրային հնչեղություն: Մամուլն ու մեդիան լծվում են այդ մտքերը ծաղրելու ուղղությամբ: Սոցցանցային օգտատերերն ամբողջացնում են պատկերը̀ իրենց հումորներով: Ու յուրաքանչյուր հերթական մտքից հետո հասարակությունը մի որոշ ժամանակ ապրում է ուրախ և ոչ ձանձրալի կյանքով՝ շեղվելով իրական խնդիրներից: Իսկ մե՞նք: Դե, մենք էլ մնում ենք այն փոքրիկ բալիկի կարգավիճակում, որին ամեն հաջորդ «վաղը» պատմում են թիթեռնիկների ու բարի երազների մասին:
Վահրամ Թոքմաջյան