Այստեղ հեծանիվ հորինելու բան չեմ տեսնում. Թորոսյանը՝ պարգեւավճար ստանալու մասին
ՎԻԴԵՈԱռողջապահության նախարարության աշխատակիցներն անխտիր ստանում են պարգեւավճար՝ տարբեր չափաբաժիններով։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«2019 թվականի բյուջեում արդեն որոշված 2018 թվականի աշնանը մի պարգեւավճարային ֆոնդ է առաջացել բոլոր պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերում, որը տարբեր սկզբունքներով բաշխվում է աշխատակիցներին։ Այստեղ հեծանիվ հորինելու բան չեմ տեսնում, մենք պատասխանել ենք մամուլի հարցմանը, որի մեջ ներկայացրել ենք այն թվերը, որոնք կան իրականում, որը հայտարարագրվում է։ Եթե բացեք 2018-ի հայտարարագիրը, կտեսնեք իմ եկամուտը, եւ շուտով կտեսնեք՝ 2019 թվականի իմ եկամուտը»։
Նշենք, որ antifake.am-ը գրել էր՝ Արսեն Թորոսյանը 2019 թվականի 10 ամիսների ընթացքում ստացել է 14.834.904 դրամ պարգեւավճար։
Անդրադառնալով նախարարի թանկարժեք մեքենա ունենալու վերաբերյալ տարածված լուրերին, Թորոսյանն ասաց. «Ես անձնական մեքենաներ ունեմ, բայց ուրիշ մեքենաների մասին եթե հստակեցնեք, ապա կասեմ՝ ինչի մասին է խոսքը»։
Հարցին՝ արդյոք որեւէ բուժ. հիմնարկից մեքենա փոխանցե՞լ են նախարարությանը, Թորոսյանն ասաց. «ՀՀ Սահմանադրության համաձայն պետական գույքը տնօրինում է Կառավարությունը։ Ցանկացած մեքենա Կառավարության որոշմամբ կարող է տեղափոխվել մի հաստատությունից մեկ այլ։ Անցած նիստին 10 մեքենա փոխանցեցինք Պետական գույքի կառավարման կոմիտե։ Մեր մեքենաների պարկը շատ փոքր է, եթե չեմ սխալվում, 4 կամ 5 մեքենա է»։