Կեղծ օրակարգերը այլևս չեն սպառվում.
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի քաղաքական–տեղեկատվական դաշտում միշտ էլ եղել են, այսպես կոչված, կեղծ օրակարգեր, որոնք իրացվել են քաղաքական կյանքի տարբեր սուբյեկտների կողմից՝ իշխանությունից մինչև ընդդիմություն: Կեղծ ասելով՝ նկատի ունենք այն օրակարգերը, որոնք որևէ հանրային պատվեր չունեն, բայց այս կամ այն նպատակից ելնելով՝ մատուցվում են որպես հենց հանրային կարևորության խնդիր:
Հիմա, սակայն, երբ հեղափոխությունը քաղաքականություն է վերադարձրել իր հիմնական շահառուին՝ հասարակությանը, իսկ հեղափոխական իշխանությունն էլ խոստացել է սպասարկել այդ շահառուին, փոխվում է նաև տեղեկատվական դաշտում տիրող մթնոլորտը: Այսօր էլ կան սուբյեկտներ, որոնք իբրև թե հանրային կարևորության խնդիրների դրոշակի ներքո փորձում են իրացնել այս կամ այն նեղխմբային, ստվերային շահեր: Սակայն մեծ հաշվով դրանք բախվում են անտարբերության պատին, չեն դառնում հանրային քննարկման առարկա, կամ առավելագույնը մնում են ֆեյսբուքյան լոկալ տիրույթում:
Պատճառն, ինչպես արդեն նշեցինք, հեղափոխության բերած մեթոդաբանական փոփոխությունն է քաղաքական դաշտում, որն էլ իր հերթին փոխել է նաև տեղեկատվական դաշտի տրամաբանությունը: Այժմ արդեն հասարակությունը՝ վերադառնալով քաղաքականության շահառուի դիրքեր, ունի շատ կոնկրետ սպասելիքներ, ընդ որում, շատ կոնկրետ ուժից՝ իշխանությունից: Հարակից այլ օրակարգերն այս պահին հասարակությանը չեն հուզում ու չեն դառնում նրա համար հետաքրքիր: Սա, իհարկե, չի նշանակում, թե հասարակություն–իշխանություն կապը սրբազան է, ու այլ ուժեր չունեն իրավունք իրացնելու օրակարգեր: Բնավ ոչ: Բայց հասարակությունն, ի դեմս իշխանության, այս պահին հաղորդակցվում է հեղափոխական սպասելիքների, ապագայի մասին լավատեսական սպասումների հետ: Ու այն բոլոր օրակարգերը, որոնք դուրս են մնում այս տրամաբանությունից, դատապարտված են մնալ մարգինալ: Հենց սա է պատճառը, որ նախորդ համակարգից ժառանգված միջկուսակցական ինտրիգների, հակադրությունների առերևույթ հետաքրքիր թվացող ու դրամատիկ դրսևորումները որևէ կերպ չեն դառնում հասարակական լայն սպառման առարկա: