Ծառուկյանի հովանավորությամբ բացվեց Տարաս Շևչենկոյի արձանը (տեսանյութ, լուսանկարներ)
ՎԻԴԵՈԵրևանի Օղակաձև զբոսայգում հանդիսավոր արարողությամբ այսօր տեղի ունեցավ ուկրաինացի բանաստեղծ, արվեստագետ, նկարիչ-ժողովրդագետ, Ռուսաստանի Արքայական գեղարվեստի ակադեմիայի անդամ Տարաս Գրիգորևիչ Շևչենկոյի հուշարձանի բացումը:
Հուշարձանը նվիրված է Ուկրաինայի անկախության 27 և հայ-ուկրաինական դիվանագիտական կապերի հաստատման 100-ամյակին: Այն կառուցվել է ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ:
Հուշարձանի բացման արարարողությանը ներկա էին Գագիկ Ծառուկյանը, «Միասնություն» շարժման առաջնորդ Արման Վարդանյանը, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Պետրո Լիտվինը, Ուկրաինայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղարը, Զապորոժիեի շրջանի հայերի միության նախագահ Արտաշես Սարգսյանը, Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի խորհրդական Տիգրան Ավագյանը, Ուկրաինայի Հանրապետության մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը և այլք:
Ըստ Ուկրաինայի ԱԳՆ պետքարտուղարի՝ Տարաս Շևչենկոն Ուկրաինայում ունի նույն նշանակությունն, ինչ Գրիգոր Նարեկացին՝ հայերի համար: Պետքարտուղարը շնորհակալություն հայտնեց իրենց ժողովրդի մեծերից մեկի հուշարձանը կանգնեցնելուն ֆինանսապես աջակցելու համար:
Գագիկ Ծառուկյանն իր ելույթում նշեց, որ հուշարձանը կանգնեցվել է ի նշան երկու երկրների՝ Հայաստանի և Ուկրաինայի բարեկամության. «Ես ցանկություն ունեմ, որ մեր երկրների կապն ավելի ամրապնդվի և Ուկրաինայում բնակվող կես միլիոն հայ բնակչությունն իրեն զգա՝ ինչպես իր երկրում»,-նշեց Գագիկ Ծառուկյանը:
«Միասնություն» շարժման առաջնորդ Արման Վարդանյանը ևս իր ելույթում ընդգծեց, որ Տարաս Շևչենկոյի արձանի բացումը Հայաստանի և Ուկրաինայի հանրապետությունների կապերն ամրապնդող կարևոր քայլ է: «Ես շատ եմ կարևորում Ուկրաինայում բնակվող շուրջ հինգ հարյուր հազար հայերի անվտանգությունը: Սակայն ես, հաճախակի լինելով այնտեղ, միշտ էլ նկատել եմ, որ ուկրաինացիների կողմից այդ անվտանգության հարցը շատ բարձր մակարդակի վրա է գտնվում»,-ասաց Վարդանյանը:
Տարաս Գրիգորևիչ Շևչենկոյի արձանի բացման արարողությունից հետո հնչեցին Հայաստանի և Ուկրաինայի օրհներգերը: Միջոցառումը եզրափակվեց հոգևորականների օրհնությամբ և տերունական աղոթքով:
Հուշարձանը հեղինակել են քանդակագործ Վլադիմիր Պետրոսյանը եւ ճարտարապետ Սարգիս Սարդարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: