Տորֆավանի տորֆանոցում փրկարարները շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի տորֆանոցում բռնկված հրդեհի վերջնական մեկուսացման համար դեռեւս ջանքեր են գործադրում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի անդամները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Մնացական Փոստոյանը, հուլիսի 5-ից մինչեւ հուլիսի 14-ն ընկած ժամանակահատվածում հրդեհի օջախների մեկուսացման նպատակով փորվել է մոտ 800 մետր երկարության խրամատ, կատարվել են երեւացող հրդեհի օջախների մարման աշխատանքներ, սակայն հրդեհի տարածման վտանգը շարունակում է պահպանվել, այդ պատճառով էլ հրշեջ-փրկարարները շարունակում են շուրջօրյա աշխատանքը եւ հերթապահությունը:
«Հրդեհի օջախները մոտիկ են հացահատիկի եւ կարտոֆիլի ցանքերին: Այն, ինչ նկատում ենք վերգետնյա մասում, կարողանում ենք մեկուսացնել ու մարել, իսկ այն, ինչ տեղի է ունենում գետնի տակ, արդեն անտեսանելի ու անկանխատեսելի է: Վերեւից մարում ենք կրակի օջախը, իսկ մի այլ տեղից, գետնի տակից, հանկարծ բորբոքվում ու ծխում է կրակը:Մեր եղած ջրի քանակությունը փորձեցինք մղել խրամուղիով մեկ, սակայն այն անմիջապես անհետացավ գետնի տակ: Հիմա ժամանակ ենք ձգում, մինչեւ որ հացհունձը սկսվի, մարդիկ կարողանան անկորուստ տուն տանել բերքը, ուստի մեր շուրջօրյա հերթապահությունը պետք է շարունակենք»,-ներկայացրեց Մնացական Փոստոյանը: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ անցած օրերի ընթացքում այրվել է մոտ 4 հեկտար տարածք, որտեղ ցանքերը կամ խոտհարքերը աննշան մաս են կազմում:
Խոսրով Խլղաթյան