Ինքս ինձ խոստացա՝ ընտանիք ունենալուն այն չի խանգարելու, խոստացա ու ստորագրեցի. Գոհար Հովհաննիսյան
ՎԻԴԵՈԱյսօր ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանը նշում է ծննդյան 36-ամյակը: Այս առիթով Life.panorama.am-ը զրուցել է նրա հետ, ինչպես նաեւ տեղեկացել ապագա պլանների մասին:
«Ինչպես ամեն տարի, այս տարի եւս տարեդարձս մեկնարկեց անակնկալներով: Կեսգիշերին մայրիկիս տանն էի, ամուսինս էլ որոշել էր հավաքել մեր լավ ընկերներին ու ուղիղ 12:00-ին մտնել տուն: Ծաղիկներ, տոնական տորթ ու լավ մթնոլորտ, դրանից առավել էլ ի՞նչ է պետք»,- նշեց Գոհարը՝ հավելելով, որ այսօր տոնական օրը կշարունակի աշխատավայրում՝ առանց հատուկ ծննդյան խնջույքի: Խոսելով երեխաների շնորհավորանքից՝ երջանիկ մայրիկը նկատեց. «Աղջիկս դեռ շատ փոքր է անակնկալներ պատրաստելու համար, բայց այ տղաս մեծի նման որոշել էր ինձ ուրախացնել: Նա բակից ծաղիկ էր քաղել, իր ճաշակով այն փաթեթավորել էր, եւ մեծ ուրախությամբ նվիրեց ինձ: Գիտեք, թեկուզեւ այդ ծաղիկը մի քիչ էլ թոշնած էր, բայց ինձ համար շատ թանկ էր: Ես ինձ իսկապես երջանիկ մայրիկ եմ համարում»:
Գոհարը խոստովանեց, որ շատերի նման, ինքն էլ է վախենում մեծանալուց. «Կարծում եմ, չկա մեկն, ով չմտածի ու մի քիչ էլ չվախենա մեծանալուց: Պարզապես պետք է կարողանաս այդ ամենի մասին մտածելուց զատ, նաեւ վայելել կյանքն ու քեզ տրված հնարավորությունները: Հոգեպես ես ինձ 16-ում եմ զգում, բայց նաեւ գիտակցում եմ, որ մեծանալու դեմ բոլորս էլ անզոր ենք, հետեւաբար դրա վրա կենտրոնանալ պետք չէ»,- նկատեց նա:
Կյանքում թույլ տված սխալների մասին Գոհարը չի մտածում, փոխարենը՝ առաջ է շարժվում: «Իհարկե, սխալներ բոլորս ունենք, բայց ես դրանց մասին չեմ մտածում, քան որ այլեւս ոչինչ հետ բերել ու ուղղումներ անել չես կարող: Դրա համար ես միշտ շարժվում եմ առաջ ու վայելում ձեռքբերումներս»,- նշեց նա եւ շարունակեց. «Այն, ինչի ես հասել եմ երգարվեստում, հասել եմ միայն իմ աշխատասիրության եւ ընկերներիս օգնությամբ: Ճանապարհս հարթ ու հեշտ չի եղել, բայց ես գնացել եմ իմ երազանքի հետեւից ու կարողացել եմ հասնել դրան: Մասնագիտությանս մեջ այսօրվա իմ դիրքը իմ ձեռքբերումներից է, սակայն ամենամեծ ձեռքբերումս ընտանիքս է: Գիտեք, տարիներ առաջ, երբ մուտք գործեցի երգարվեստ, ինքս ինձ խոստացա՝ ընտանիք ունենալուն այն չի խանգարելու, խոստացա ու ստորագրեցի: Արդյունքում՝ այսօր իմ ընտանիքն ունեմ եւ հպարտանում եմ դրանով: Ես երբեք թույլ չեմ տա, որ մասնագիտությունս առաջին պլանում լինի. Սկզբում ընտանիքս, հետո նոր մնացյալ բաները»:
Վերջին ամիսներին Գոհարն ասես ավելի պասիվ է աշխատում, նոր տեսահոլովակներ ու աշխատանքներ կարծես թե չկան: Այս մասին խոսելիս՝ երգչուհին պատճառաբանեց, որ վերջին ամիսներին զբաղված է եղել նոր տուն տեղափոխվելով եւ ընտանիքին ավելի շատ ժամանակ տրամադրելով, սակայն անգործության մատնված չի եղել: Ավելին՝ շուտով կտեսնենք նոր աշխատանքների պտուղները:
«Մայիս ամսին ընկերներիս հետ կմեկնենք Բոստոն, այնուհետեւ Մոնրեալ՝ համերգների: Սրանից զատ, սեպտեմբերին կբեմադրվի երաժշտական ներկայացում, որտեղ ես էլ կներկայանամ: Առաջիկայում կրկին կվերադառնամ նախկին ակտիվ գործելաոճին»,- եզրափակեց Գոհար Հովհաննիսյանը:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան