Նախարարները թքած ունեն վարչապետի հորդորների վրա
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախորդ տարվա նոյեմբերին 19-ի կառավարության նիստում նախարարներին հորդորեց չխուսափել լրագրողներից՝ նշելով, որ կառավարության նիստից հետո լրագրղները սպասում են նախարարներին, եւ անթույլատրելի է, որ կառավարության անդամները հետնամուտքով են դուրս գալիս շենքից: «Մեր կառավարությունը որդեգրել է բաց ու թափանցիկ գործելաոճ: Մենք պետք է ազնվորեն եւ պարբերաբար հանրությանը ներկայացնենք մեր անելիքները, կատարած աշխատանքները՝ ակտիվորեն շփվելու ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ»,- ասել էր վարչապետը:
Այս հորդորից անցել է չորս ամսից ավելի, եւ, հավանաբար, նախարարները մոռացել են այդ մասին: Կառավարության այսօրվա նիստից հետո բազմաթիվ լրագրողներ սպասում էին նախարարներին, որոնցից միայն երկուսը դուրս եկան կառավարության գլխավոր մուտքից: Առողջապահության ու սպորտի եւ երիտասարդության նախարարներն էին, որ գլխավոր մուտքից դուրս եկան, այդ ընթացքում էլ պատասխանեցին լրագրողների հարցերին:
Կառավարության այսօրվա նիստին բացի կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանից մասնկացում էին բոլոր նախարարները: Հանուն արդարության նշենք, որ բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկայի եւ բնական պաշարների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության նախարարները սովորաբար գլխավոր մուտքից են դուս գալիս, բայց ինչպես այսօր պարզվեց, նրանք եւս մոռացության են տալիս վարչապետի հորդորները:
Ի դեպ, կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներն ընդհանրապես հիմնական մուտքից դուրս չեն գալիս: Կարելի է կարծել, որ նրանք նախարարիներին ուղղված հորդորներն ուղիղ իմաստով են հասկացել եւ չլինելով նախարար՝ լքում են կառավարությունը ետնամուտքով: