Ղարաբաղում տարածքներ հանձնելու խնդիրը քննարկվո՞ւմ է բանակցություններում
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱրդեն 5-րդ օրն է, ինչ ողջ Հայաստանն ու հայությունը շնչում, ապրում է Խորենացի փողոցով, եթե անգամ ոչ ֆիզիկական ներկայությամբ: Եվ չնայած առաջին օրը «Սասնա ծռեր» խմբավորումն իրենց հստակ պահանջները ներկայացրին, այն է՝ Ժիրայր Սեֆիլյանի և մյուս քաղաքական բանտարկյալներին ազատ արձակել, Սերժ Սարգսյանի հրաժարական, բայց արդեն երկու օր է, շունչներս պահած սպասում ենք այդ բանակցությունների «երրորդ տարբերակին», որը 7 փականի տակ է պահվում թե իշխանությունների, թե ապստամբների կողմից:
Մի փոքրիկ զրույց ունեցանք ԱՍԱԼԱ-ի մարտիկ, Հիմնադիր Խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ, ով թեկուզ խուսափողական, բայց այնուամենայնիվ մի քանի հարցերի պատասխանեց:
-Պարոն Ենիգոմշյան, բանակցությունները ո՞ր փուլում են գտնվում, ի՞նչ նորություններ կան:
-Այս վերջին օրերի իմ ասածներին ոչինչ ավելացնելու չունեմ, հետևություն անելը մնում է Ձեզ:
-Այնուամենայնիվ, այս պահին բանակցային պրոցես որպես այդպիսին ընթանո՞ւմ է:
-Բանակցություն եղել է իհարկե, բայց կա այն, ինչ կա:
-Այս օրերի իրադարձությունները կարծես ստվերել են Ղարաբաղում տարածքներ հանձնելու խնդիրը, որը դնում էին հենց նրանք, բանակցություններում դա քննարկվո՞ւմ է:
-Դա արդեն բանակցությունների խնդիր է:
-«Սասնա ծռերի» տղաները երաշխիքների պահանջ դրե՞լ են իրենց մասով:
-Ոչ, իրենք իրենց անձերի նկատմամբ ոչ մի բան չեն ներկայացնում, իրենց անձերը չեն... մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի համար են:
-Ճի՞շտ ենք հասկանում, որ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումն այլևս օրակարգում չէ:
-«Սասնա ծռերի» պահանջների պահով իրենք մնում են իրենց պահանջների վրա, պահանջները մնում են նույնը: Տարբեր հարց է դա բանակցությունների թեմա՞ է , թե՞ ոչ, դա արդեն ուրիշ հարց է: Բայց իրենց պահանջների մեջ շարունակում է մնալ, ինչ-որ եղել է, մնում է:
-Երեկվա Խորենացու դեպքերն ինչպե՞ս եք գնահատում:
-Իհարկե չպիտի ասեմ դրական եմ գնահատում, դա բնական եմ գնահատում և այդպես պիտի լիներ, չէր կարող այլ կերպ լիներ: Դա ցույց է տալիս, որ ժողովրդի համար հազարավոր-բազմահազարավոր մարդկանց համար այդ տղաները ահաբեկիչներ չեն, ահաբեկիչներ են նրանք, ովքեր փորձում են ահաբեկել ժողովրդին, ահաբեկել են ժողովրդին: Եվ երեկվա ոստիկանության ցուցաբերած այդ պահվածքը հերթական ապացույցն է միևնույն փաստի և նույն իրականության:
Ի դեպ, նշենք, որ մամուլում շրջանառվում էր, թե «Հիմնադիր խորհրդարանի», «Սասնա ծռեր» զինված խմբի, ԱԱԾ-ի ներկայացուցիչների և Ժիրայր Սէֆիլյանի միջև ընթացող բանակցությունների ընթացքում Սեֆիլյանի կողմից առաջարկված երրորդ տարբերակը վերաբերվում է խորհրդարանական արտահերթ ընտրություններին, սակայն տեղեկությունները հետագայում հերքվեցին:
Նյութի աղբյուրը ` hraparak.am