«Պարզ լճում» տեղակայված պահնորդական ընկերության հենակետի վրա կրկին հարձակվել են ու ծեծի ենթարկել աշխատակցին. կան կասկածյալներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕբյեկտների և տարածքների պրոֆեսիոնալ պահպանություն և պահնորդական ծառայություն մատուցող «Պանտեռա Սիքյուրիթի» ընկերության վրա հարձակում է տեղի ունեցել: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
«Հոկտեմբերի 27-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը մի խումբ անհայտ անձինք հարձակվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Պարզ լիճ» տեղամասում տեղակայված պահնորդական ընկերությանը պատկանող անշարժ հենակետի վրա: Այնտեղ ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում ծեծի են ենթարկել պահնորդական ընկերության աշխատակցին: Վերջինս վնասվածքներ է ստացել»,-ասաց Ջանոյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է պահնորդի հետ վիճաբանած անձանց ինքնությունը, կասկածյալները ներկայացել են ոստիկանություն:
Էդգար Ջանոյանն ասաց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
Նշենք, որ ընկերության Ֆեյսբուքի էջում ևս հրապարկում է եղել հարձակման մասին:
«Քիչ առաջ տեղի ունեցավ հերթական հարձակումը «Պանտեռա Սիքյուրիթի»-ի «Պարզ Լիճ» հենակետի վրա։ 2 մեքենայով, որից մեկը կարմիր «Մերսեդես Բենց», իսկ մյուսը` սպիտակ «Նիվա Ուրբան» մակնիշի, մեծ խումբ անսթափ մարդիկ, շրջապատել են հենակետը և ծեծի ենթարկել ծառայությունն իրականացնող պահնորդներին: Նրանք պահանջել լքել «իրենց տարածքը»։ Պահնորդները հասցրել են ահազանգել վերադասին, որն էլ դիմել է ոստիկանությանը։ Ի պատիվ վերջիններիս, արձագանքը շատ օպերատիվ և արագ է եղել: Հաշված րոպեների ընթացքում ոստիկանները ժամանել դեպքի վայր։ Սկսվել է քննություն և օպերատիվ գործողություններ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ նման միջադեպ գրանցվել էր նաև հոկտեմբերի 13-ին. մի խումբ քաղաքացիներ վեճի էին բռնվել այս հատվածի հենակետում ծառայություն իրականացնող «Պանտեռա Սիքյուրիթի» ընկերության անվտանգության աշխատակիցների հետ:
Ոստիկանությունը հոկտեմբերի 13-ին, ժամը 20։50-ին ահազանգ էր ստացել, որ անհայտ անձինք մոտեցել են «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան հենակետին, վիճաբանել ծառայությունն իրականացնող անձանց հետ, ինչի ընթացքում անհայտ անձը հրկիզել է հենակետին կցված վագոն տնակը: