Թող գնային Ադրբեջանի սահմանին զոհվեին. Էդվարդ Միլիտոնյան
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԳնացել էին զոհվելու, թող գնային Ադրբեջանի սահմանին զոհվեին, ոչ թե հայ մարդ սպանեին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես արտահայտվեց Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ անդրադառնալով տեսակետին, թե զինված խումբը, որը հուլիսի 17-ին հարձակում էր գործել ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի վրա, գնացել է գիտակցված մահվան: Միլիտոնյանը նաեւ ընդգծեց, որ քրիստոնյային վայել չէ մարդ սպանելը:
«Այդ մարդիկ պետք է հանձնեն զենքերը եւ չվտանգեն իրենց ու մյուսների կյանքը: Մենք պետք է քրիստոնեական ոճով առաջնորդվենք: Մենք դատապարտում ենք իսլամիստ ահաբեկիչներին: Քրիստոնյա լինելով իրավունք չունենք մարդ սպանել:
Մի մասն ասում է ոստիկանները կրակեցին, մյուս մասն ասում է՝ զինված խումբն է կրակել: Այդ երկու «նրանք»-ը մենք ենք. երկու մասի բաժանվելով, իրար ուտելով՝ հայն ինքն իրեն է ոչնչացնում: Սեֆիլյանին ազատելու համար ուրիշին սպանելը սխալ է եւ տաք ուղեղի արգասիք»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ցավալի է, երբ ազատամարտիկին սպանում են ազամարտիկ ընկերները:
Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակի համար պետք է այնպիսի լուծումներ գտնել, որ արյունահեղություններ չլինեն, եւ այս դեպքերը որեւէ ազդեցություն չունենան Ղարաբաղի հարցի վրա: