Յոթ հոգով յոթանասուն հոգու ախորժակ ունեք. Էդուարդ Շարմազանովը՝ ընդդիմությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ որոշ հարգարժան ընդդիմադիր գործիչներ «կոնսենսուս», «կոնսոլիդացիա» եւ «ուլտիմատում» բառերը շփոթել են, կոնսենսուսը չի նշանակում, որ ընդդիմությունն ինչ ասի, մենք պետք է հալած յուղի պես ընդունենք եւ հակառակը, մենք ինչ ասենք, ընդդիմությունն ընդունի: «Կոնսենսուս» նշանակում է, որ նստենք քննարկենք, եւ համաձայնության գանք ռեալ առաջարկությունների շուրջ»,- այս մասին այսօր ԱԺ-ի պետաիրավական հարցրի մշատական հանձնաժողովում կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հակադարձելով Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ընդդիմադիրների հայտարարություններին:
Անդրադառնալով ընդդիմության հիմնական պահանջներից մեկին՝ ընտրությանը մասնակցած անձանց ստորագած ցուցակների հրապարակմանը, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Խոսքը ծանոթացման մասին չէ, բայց կարող են ծանոթանալ եւ քաղվածք վերցնել, որն է փոխզիջումը, բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք հնարավորություն ընձեռել ծանոթանալու վստահված անձերին եւ եթե այս կամ այն ուժը, որ չունի վստահված այնքան անձ, որին վստահում է, կներեք դրանում ո՛չ ՀՀԿ-ն է մեղավոր, ո՛չ իշխանությունն է մեղավոր, ո՛չ Դավիթ Հարությունյանը, ո՛չ էլ Հովհաննես Սահակյանը: Բա որ ձեր վստահված անձին չեք վստահում, էս ի՞նչ քաղաքական ախորժակով եք գնում ընտրությունների, յոթ հոգով յոթանասուն հոգու ախորժակ ունեք»:
Լրագողների եւ դիտորդների իրավունքների սահմանափակման դրույթի մասին էլ ՀՀԿ խոսնակն ասաց. «Բայց կա պրոբլեմ չէ՞, եղել են դեպքեր, երբ չակերտավոր լրագրողներ են բերվել: Մենք ունենք 100-ից ավելի կայքեր, բազում թերթեր, հեռուստատեսություններ, ո՞նց եք ֆիզիկապես պատկերացնում, որ 50 լրագրող մի տեղամասում լինի»: