Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Բավարական իլյումինատներ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԲավարական Իլյումինատները՝ Bavarian Illuminati-ն 18-րդ դարի Բավարիայում ստեղծված գաղտնի կազմակերպություն էր։ Կարևոր է տարբերակել պատմական Բավարական Իլյումինատներին և այսօր «Իլյումինատ» անունով տարածվող դավադրության տեսությունները․ պատմական կազմակերպության գոյությունը փաստագրված է, իսկ նրանց աշխարհը ներկայում գաղտնի ղեկավարելու մասին պնդումները հաստատված պատմական փաստ չեն։
Կազմակերպությունը հիմնադրվել է 1776 թ. մայիսի 1-ին Ինգոլշտադտում, Բավարիայում։ Հիմնադիրը եղել է Ադամ Վայսհաուպտը՝ իրավաբան և Ինգոլշտադտի համալսարանի պրոֆեսոր։ 18-րդ դարի երկրորդ կեսը Եվրոպայում Լուսավորության դարաշրջանն էր․ մեծ նշանակություն էին ստանում բանականությունը, գիտությունը, կրթությունը և ավանդական իշխանությունների քննադատական ուսումնասիրությունը։ Այդ միջավայրում էլ ձևավորվել է Իլյումինատների գաղափարական հիմքը։ Գերմանական պատմական միջավայրի ուսումնասիրություններում այս ժամանակաշրջանը կապվում է գիտելիքի, բանականության և քաղաքական ազատության շուրջ ակտիվ բանավեճերի հետ։
Սկզբում կազմակերպությունը կոչվում էր «Perfectibilists», իսկ հետագայում առավել հայտնի դարձավ որպես Իլյումինատների միաբանություն/կարգ (Order of the Illuminati)։ Այդ կազմակերպության գաղափարների մեջ կարևոր տեղ ունեին
բանականության և կրթության տարածումը, - քննադատական մտածողությունը, գիտելիքի հասանելիությունը, կրոնական և քաղաքական դոգմատիզմի քննադատությունը, մարդու բարոյական կատարելագործումը։ Այն ժամանակաշրջանի համար նման գաղափարները բավական արմատական էին։
Սակայն Իլյումինատները պարզապես «գիտնականների ակումբ» չէին․ նրանք ունեին գաղտնի հիերարխիա, անդամակցության համակարգ և ներքին կարգապահություն։
Կազմակերպությունը օգտագործում էր աստիճանային համակարգ։ Անդամները կարող էին աստիճանաբար բարձրանալ կազմակերպության ներսում։
Հատկապես հետաքրքիր է այն, որ Իլյումինատները որոշ առումներով օգտագործում էին ֆրիմասոնական կազմակերպությունների կառուցվածքային փորձը և փորձում էին իրենց ցանցն ընդլայնել մասոնական շրջանակների միջոցով, սակայն Իլյումինատները և ֆրիմասոնությունը նույն կազմակերպությունը չեն եղել։
Հետագայում Բավարիայի իշխանությունները աստիճանաբար սկսեցին ավելի խիստ վերաբերվել գաղտնի հասարակություններին և 1784 թվականին հրաման արձակվեց նրանց դեմ, իսկ 1785 թվականին Իլյումինատների գործունեությունը պաշտոնապես արգելվեց։ Դրանից հետո կազմակերպության որպես գործող կառույցի մասին տեղեկություններ չկան։ Այսինքն պատմականորեն հաստատված կազմակերպությունը 18-րդ դարի վերջում վերացավ, և չկա վստահելի փաստական հիմք, որ նույն Բավարական Իլյումինատները գաղտնի շարունակել են գործել մինչև մեր օրերը։ Հետաքրքիր է այն, որ Իլյումինատների անդամների թիվը շատ ավելի փոքր էր, քան ժամանակակից լեգենդներն են ենթադրում: Կազմակերպությունը կարճ կյանք է ունեցել, բայց Իլյումինատների անունը հետագայում վերածվեց առանձին մշակութային երևույթի: 19–20-րդ դարերում նրանց մասին սկսել են տարածվել տարբեր գրքեր և տեսություններ, որոնք հաճախ պատմական փաստերը միախառնում էին ենթադրությունների հետ։ Ժամանակակից պատկերներում հաճախ է հանդիպում եռանկյան մեջ գտնվող աչք, որը վերագրվում է Իլյումինատներին։ Իրականում աչքի և բուրգի խորհրդանիշը չի ապացուցում Իլյումինատների ներկայությունը։ Այն ունի ավելի լայն կրոնական, մշակութային և խորհրդանշական պատմություն ունի։ Նման կերպ ամերիկյան դոլարի բուրգը ևս հաճախ սխալմամբ կապում են Իլյումինատների հետ, սակայն մեկ դոլարանոց թղթադրամի վրա պատկերված բուրգի ու աչքի առկայությունը ինքնին պատմական ապացույց չէ, որ Իլյումինատներն են ստեղծել կամ վերահսկել ԱՄՆ-ի պետական խորհրդանիշները։ Այսօր համացանցում «Illuminati» անունով բազմաթիվ կազմակերպություններ, կայքեր և խմբեր կարելի է հանդիպել։ Հատկապես տարածված են պնդումներ, թե Իլյումինատները վերահսկում են համաշխարհային քաղաքականությունը, բանկերը, խոշոր կորպորացիաները, շոու-բիզնեսը, միջազգային կազմակերպությունները, սակայն այդ պնդումների մեծ մասի համար վստահելի պատմական ապացույցներ չկան։
Հայաստանում պատմական Բավարական Իլյումինատների առանձին մասնաճյուղի գոյության հաստատված փաստ չկա։ Սակայն այստեղ կա մի կարևոր շփոթության աղբյուր՝ ֆրիմասոնությունը։ Հայկական միջավայրում եղել են, և հնարավոր է կան մասոնական օթյակներ ինչպես բուն Հայասատանում, այնպես էլ սփյուռքում: Սակայն ֆրիմասոնությունը և իլյումինատները տարբեր կազմակերպություններ են:
Կ.Խաչիկյան