«Վախենում ենք, որ Դալլաքյանին կարող են այլ պաշտոն տալ»․ Ճամբարակում վթարից մահացած Սուրեն Վարդանյանի հարազատները անհանգստացած են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃամբարակում վրաերթի հետեւանքով մահացած զինծառայող Սուրեն Վարդանյանի հարազատները բավարարված չեն զորամասի հրամանատար, գնդապետ Դալլաքյանի պաշտոնանկությամբ, ինչի վերաբերյալ որոշումը նախարար Սուրեն Պապիկյանը ստորագրել է երեկ՝ սեպտեմբերի 9-ին։
Վրաերթը, որի հետեւանքով 6 զինծառայող վիրավորվել, մեկը մահացել էր, տեղի էր ունեցել օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին։ Մթության մեջ վազող զինվորների հարվածել էր «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարը, որի վարորդը՝ Վահան գյուղից, ավելի ուշ կալանավորվել էր ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները խախտելու մեղադրանքով։ Նույն գործով կալանավորվել է նաեւ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետ Հ․ Ս․-ն, որի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու մեղադրանքով։
Մինչ լրատվամիջոցները գրում էին, որ զինվորներին որպես պատիժ ստիպել են վազել հակագազով, նախարարությունը հերքել էր միայն հակագազի վերաբերյալ լուրը։ Մինչեւ հիմա մանրամասներ, սակայն, չեն հաղորդվել, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ինչու էին զինվորները երեկոյան ժամին գտնվում զորամասից դուրս եւ ինչպես չեն լսել իրենց ուղղությամբ շարժվող բեռնատարի ձայնը։ Այս պայմաններում էլ նախօրեին Սուրեն Պապիկյանը երեկ որոշել է պաշտոնից ազատել զորամասի հրամանատարին։
Վրաերթից մահացած Սուրեն Վարդանյանի ընտանիքի մտերիմներից մեկը NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց, որ ընտանիքին նույնպես մինչեւ հիմա պատկան մարմինները դեպքից մանրամասներ չեն հայտնել։ Հարազատներին Դալլաքյանի պաշտոնանկությունը չի բավարարում, նրանք կասկածում են, որ նա նոր պաշտոնի կարող է նշանակվել։
«Արդեն եղել են նմանատիպ դեպքեր, մենք վախենում ենք, որ իրեն կարող են ուղղակի այլ պաշտոն տալ»,- NEWS.am-ի զրույցում նշեց ընտանիքի մտերիմ անձը, որի անունն իր խնդրանքով չենք հրապարակում։
Սուրենի ընտանիքի անդամները, որոնք հրամանատարի պաշտոնանկությունը բավարար չեն համարում, պահանջում են, որ բոլոր պատասխանատուները կանգնեն դատարանի առջեւ։