Ծանոթ ու միաժամանակ անհայտ … պիջակ
ՖՈՏՈԺամանակակից նորաձևությունը, սովորական մարդու կարծիքով, անիմաստ է և անողոք։ Իսկ բուն իմաստով նորաձևության ցուցադրությունների ժամանակ լավագույն դիզայներները հաճախ ներկայացնում են այնպիսի բաներ, որոնք ողջամիտ մարդկանցից շատերը չեն հագնի: Ինչո՞ւ են նրանք դա անում: Այս հարցին դժվար է պատասխանել, գուցե՞ էպատաժի պատճառներով։ Սակայն, բացի ժամանակակից նորաձևությունից, կա նաև պատմական նորաձևություն։ Այն տալիս է ոճերի զարգացման հսկայական պատմություն։ Մասնավորապես, շատ հետաքրքրքիր է պիջակ կիսաբաճկոնը, որպես արական և իգական զգեստապահարանի իր։
Ընդհանրապես ընդունված է, որ «պիջակ» բառը հոլանդական արմատներ ունի: Բայց դա ամբողջովին ճիշտ չէ: Ե՛վ հոլանդական, և՛ ֆրանսերեն լեզուներում կա այդպիսի հասկացություն և համահունչ անուններ, և անհնար է ճշգրիտ ասել, թե ո՞ր լեզվից է այդ բառը առաջացել: Բայց, ամենայն հավանականությամբ, դա եղել է Հոլանդիայից, քանի որ այդ երկրի խաչակիրների կողմից բերված պիջակի նախատիպն է հնում օգտագործվել:
Սկզբում հագուստի այդ տարրըն ավելի շուտ կաֆտան էր: Այն երկարում էր մինչև ծնկները և ուներ երկու-երեք կոճակ։ Այն չուներ ոճային կերպար ստեղծելու գործառույթ։ Այն գործնական և տաք էր զով եղանակին, քանի որ պատրաստված էր խիտ կենդանական և բուսական մանրաթելային կտորից, ամենից հաճախ ֆետրից։
Հետագայում այն սկսեց զգալի փոփոխություններ կրել։ Ավելի ճիշտ 18-19-րդ դարերի արիստոկրատների կրած հագուստները սկսեցին փոխվել։ Դրանք ֆրակները, ժակետները, սյուրթուկները և շատ այլ վերնազգեստներ էին: Նրանք բոլորը մաս են կազմել նրան, ինչը մենք այժմ անվանում ենք «պիջակ»: Լյուդովիկոս XIV-ի օրոք հագուստի այդ տարրը ամբողջովին երկար էր և ավելի շուտ թիկնոց էր հիշեցնում, քան պիջակ: Զվարճալի է, բայց այն ժամանակվա բնակիչներն ու հասարակ մարդիկ նույնպես ունեին իրենց ճաշակը, և, օրինակ, Բայրոնն իր «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» աշխատության մեջ ընթերցողին հասկացնում է, որ իրեն դուր չի գալիս նման նորույթը։ Եվ ավելին, դա խանգարում էր, քանի որ այդ տեսքով ձիու կամ կառքի վրա բարձրանալը հեշտ գործ չէ։
Պիջակն իր մեզ հայտնի տեսքը ստացել է 20-րդ դարի սկզբին։ Եվ միայն դրանից հետո են երկարությունը, օձիքը, գրպանները և այլ տարրերը քիչ թե շատ ստանդարտացվել։
Պիջակի ժամանակակից նախատիպի հայտնվելուց հետո այն դարձել է տղամարդկանց վերնազգեստի ամենատարածված տեսակը։ Բայց կանայք ևս որոշել են հետ չմնալ տղամարդկանցից, և բավականին արագ՝ անցյալ դարի 50-ական թվականներին, ի հայտ է եկել կանացի պիջակը։ Դա արել է հայտնի Կոկո Շանելը։ Հենց նա է տարածել զգեստապահարանի այդ ոճային տարրը: Իհարկե, նման «հնարքի» արձագանքը սկզբից շատ կոշտ էր: Համարվում էր, որ կինը պետք է հագնի կանացի հագուստ, որը ընդգծում է նրա արժանապատվությունը: Անգամ կանացի տաբատն է ժամանակին թշնամանքով ընդունվել։ Սակայն ժամանակի ընթացքում կանայք գնահատել են կանացի պիջակի ողջ հմայքը, հատկապես եթե այն համադրվում է տաբատի հետ։ Դա կանանց տալիս է խիստ տեսք և միաժամանակ ընդգծում է կառուցվածքի առավելությունները։
Պիջակի պատմությունը հետաքրքիր է և անտարբեր չի թողնի ոչ ոքի, քանի որ միշտ էլ թվում է, թե այն, ինչ մենք տեսնում ենք ամեն օր, այդքան էլ երկար պատմություն չունի։
Կ. Խաչիկյան