Իրանն ու ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնության չեն հասել․ ԶԼՄ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ Ժնևում Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններում կողմերը համաձայնության չեն հասել, հայտնել է Associated Press-ը։ Նշվում է, որ բանակցությունները տևել են մի քանի ժամ։ Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բանակցություններից հետո հայտարարել է, որ քննարկումներում «շատ լավ առաջընթաց» է արձանագրվել և «մտել են համաձայնագրի բաղադրիչների քննարկման փուլ»՝ թե՛ միջուկային ոլորտում, թե՛ պատժամիջոցների հարցում։
Նա նշել է, որ Թեհրանը վճռական է շարունակել ուրանի հարստացումը, մերժում է այն արտերկիր փոխանցելու առաջարկները և պահանջում է միջազգային պատժամիջոցների վերացում։ Նրա խոսքով՝ բանակցությունների հաջորդ փուլը կարող է կայանալ «հավանաբար մեկ շաբաթից էլ շուտ», իսկ տեխնիկական բանակցությունները ՄԱԿ-ի միջուկային գործակալությունում կսկսվեն Վիեննայում՝ մարտի 2-ին։ Իրանական կողմը շարունակել է պնդել, որ քննարկումները պետք է վերաբերվեն բացառապես իր միջուկային ծրագրին և ընդգծել, որ իր ատոմային ծրագիրն ունի ամբողջովին խաղաղ նպատակներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ թույլ չի տա Իրանին ձեռք բերել միջուկային զենք։ Նա նաև պնդել էր, որ Թեհրանից դեռևս երաշխիքներ չի ստացել, որ չունի նման զենք ձեռք բերելու մտադրություն։ Ժնևում փետրվարի 17-ին տեղի էր ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային գործարքի շուրջ Օմանի միջնորդությամբ բանակցությունների երկրորդ փուլը: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման մասին, որոնք կարող են ներառվել ապագա համաձայնագրի նախագծում: Փետրվարի 26-ին տեղի ունեցած բանակցություններից հետո Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին հայտարարել էր, որ «բանակցություններում էական առաջընթաց» է գրանցվել։