Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Թափանիվ
ՖՈՏՈՅուրաքանչյուր ոք, ով երբևէ բախվել է էներգիայի կուտակման խնդիրների հետ, գիտի, որ հիմնական մարտահրավերներից մեկը կուտակիչների բարձր գինն ու կարճ կյանքի տևողությունն է, ինչը զգալիորեն նվազեցնում է էներգիայի արդյունավետ կուտակման ներուժը։ Այնուամենայնիվ, կա մեկ այլընտրանք, որը հազվադեպ է քննարկվում, բայց այնուամենայնիվ ներկայացնում է շատ հետաքրքիր հնարավորություն, դա էներգիայի կուտակումն է թափանիվի մեջ։ Այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ էներգիայի կուտակումը թափանիվների մեջ շատ է տարածված մեր շուրջը, և մենք դրան բազմիցս ենք հանդիպում։ Թափանիվը զանգվածային անիվ է, որը պտտվելիս կարող է կուտակել կինետիկ էներգիա։ Հետևաբար, կա կուտակման երկու տարբերակ. ծանր քաշ և/կամ բարձր անկյունային արագություն։
Փափանիվները մարդկության հետ են հնագույն ժամանակներից, քանի որ «էներգիան անիվի մեջ կուտակելու» գաղափարը, հավանաբար, առաջացել է էլեկտրաէներգիայի հայտնաբերումից դեռ շատ առաջ և սկզբնապես իրականացվել է այլ խնդիրներ լուծելու համար, և դա պարզապես հենվելով առօրյա դիտարկումների վրա։
Թափանիվի ամենահին օրինակներից մեկը հայտնի կավագործական անիվն է, սարք, որը նման է զանգվածեղ, հաստ քարե կամ կերամիկական սկավառակի։ Կավագործը պտտում է այն դրա մակերեսին դնելով մշակման կավը։ Անիվի իներցիան բավարար է սկավառակը սահուն պտտելու և կլոր իրեր՝ կճուճներ, ափսեներ և այլ կավե անոթներ ստեղծելու համար։ Նման սարքերի մասին գրառումները մեզ են հասել դեռևս Հին Եգիպտոսի և Միջագետքի ժամանակներից։ Ժամանակի ընթացքում թափանիվները կիրառություն են գտել նաև թել մանելու սարքերում։ Այդ սկզբունքը՝ պտտվող թափանիվները (ինչպես ձեռքով, այնպես էլ ոտքով աշխատող), լայնորեն օգտագործվել են նաև տարբեր «հղկող սարքերում»՝ դանակներ և այլ գործիքներ սրելու սարքերում։
Դե, ի՞նչ կարելի է անել։ Շարժիչներ դեռևս չեն հորինվել , բայց թափանիվը եղել է:
Արդյունաբերական հեղափոխության գալուստը և տարատեսակ շարժիչների ի հայտ գալը իր հետ բերել է աշխատանքային ցիկլերի «մեռյալ» կետերում շարժումը պահպանելու անհրաժեշտության և այստեղ էլ օգնության է հասել թափանիվը, որը համակարգված կերպով կուտակում և արտանետում է էներգիա՝ մեքենայի անընդհատ աշխատանքը պահպանելու համար։ Ավելին, շարժիչներում, մասնավորապես ներքին այրման շարժիչնում, թափանիվը կատարելագործվել է դառնալով ավելի կոմպակտ և արդյունավետ՝ T-աձև։
Ամփոփելով կարելի է նշել, որ թափանիվները ուղեկցել են մարդկությանը իր ողջ պատմության ընթացքում օգտագործվելով ամեն ինչում՝ պարզ ձևերից մինչև բարդ տեխնոլոգիաների իրականացում: Եվ ո՞վ գիտի, թե ինչ է բերելու ապագան: Գուցե՞ թափանիվի օգտագործման նոր գաղափարներ լինեն:
Կ. Խաչիկյան