Ալեն Սիմոնյան-Անդրանիկ Քոչարյան դիմակայությունն ավարտվելու շեմին է
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱլեն Սիմոնյան-Անդրանիկ Քոչարյան դիմակայությունն ավարտվելու շեմին է։ 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցը քննարկվելու է խորհրդարանում, ընդ որում, եկել են ընդհանուր հայտարարի, որ քննարկումը կկայանա ոչ թե լիագումար նիստում, այլ փակ լսումների ընթացքում։ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ փաստաթղթերը կներկայացվի հենց այդ ձևաչափով, խորհրդում քննարկել և նման որոշում են ընդունել։
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե զեկույցը լիագումար մտցնելու իրավական հիմքեր չկան, քանի որ Անդրանիկ Քոչարյանը խախտել է բոլոր ժամկետները։ Ըստ երևույթին, Անդրանիկ Քոչարյանը, որը Ալեն Սիմոնյանի այս մերժումից հետո բավականին լուրջ դեբոշներ էր սարքել խորհրդարանի միջանցքներում, համաձայնվել է առաջարկին և զեկույցը կներկայացնեն փակ ձևաչափով, որից հետո այն կփոխանցեն արդեն իրավապահ մարմիններին համապատասխան իրավական քայլեր իրականացնելու համար։
Թեպետ Քոչարյանը ցանկանում էր զեկույցի ներկայացումը վերածել շոուի և սեփական բենեֆիսը կազմակերպել խորհրդարանի ամբիոնից, բայց այժմ ստիպված է ենթարկվել կուսակցական որոշմանը, առավել ևս, որ Փաշինյանն էլ այս հարցում անցել է Ալեն Սիմոնյանի կողմը։ Փաստացի Անդրանիկ Քոչարյանին չի հաջողվի պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցը ներկայացնել որպես իր լրջագույն ձեռքբերում և այն թափահարել քպականների աչքի առաջ։
Ի դեպ, հայտնի չէ արդյոք, ընդդիմությունը կմասնակցի զեկույցի ներկայացման փակ լսումներին։ Հիշեցնենք, ընդդիմադիրները հրաժարվել են մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին, նշելով, որ հանձնաժողովն անաչառ չէ և չի կարող իրական գնահատական տալ պատերազմի հանգամանքներին և պարտությանը։
Մերի Գինոսյան