Հայաստանը և ՇՀԿ-ն. բազմավեկտորության և աշխարհաքաղաքական ռիսկերի միջև
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ2025 թվականի հուլիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՇՀԿ-ին միանալու Հայաստանի մտադրության մասին` ընդգծելով, որ այդ նախաձեռնությունը տեղավորվում է երկրի հավասարակշռված արտաքին քաղաքականության հայեցակարգի մեջ, գրում է Russiancouncil.ru–ն: Փաշինյանի խոսքով ՇՀԿ-ին անդամակցությունը թույլ կտա Երևանին դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքական կապերը, ամրապնդել համագործակցությունը անվտանգության ոլորտում և ընդլայնել տնտեսական հորիզոնները: Այս հայտարարությունն արվել է ավանդական դաշնակիցների, մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումից հետո Հայաստանի կողմից միջազգային համագործակցության նոր վեկտորների որոնման ակտիվացման ֆոնին:
ՇՀԿ անդամ պետությունների կողմից Հայաստանի դիմումի վերաբերյալ պաշտոնական արձագանք դեռևս չի եղել: Անդամակցությունը պոտենցիալորեն բացում է զգալի տնտեսական և ռազմաքաղաքական հնարավորություններ երկրի համար` թույլ տալով նրան ամրապնդել կապերը Եվրասիական տարածքի հիմնական խաղացողների հետ և դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականության ուղենիշները: Սակայն այս քայլը լի է լուրջ մարտահրավերներով: Երևանի արտաքին քաղաքականության հակասական բնույթը, արևմտյան կառույցներին ինտեգրվելու և ՇՀԿ–ի հետ համագործակցությունը խորացնելու միաժամանակյա ցանկությունը, որը դիրքավորվում է որպես ի հայտ եկող նոր աշխարհակարգի հիմնական հենասյուներից մեկը, ստեղծում է ռազմավարական որոշակիության կորստի ռիսկ և բարդացնում կայուն դաշինքների ստեղծումը: Տարածաշրջանային անկայունության աճի և ՇՀԿ-ի ներսում ներքին համակարգման բարդացման համատեքստում հայկական նախաձեռնության հաջողությունը մեծապես կախված կլինի երկրի կազմակերպության արժեքներին և սկզբունքներին հարմարվելու պատրաստակամությունից, ինչպես նաև նրա ղեկավարության հետևողական և պրագմատիկ արտաքին քաղաքականություն կառուցելու կարողությունից, որը կբացառի փոխադարձ հակասությունները դրա հիմնական ուղղությունների միջև:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը