Հայաստանում կանխատեսել են Փաշինյանի պարտությունը հաջորդ ընտրություններում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործնականում չունի լեգիտիմություն, նրան սատարում է երկրի քաղաքացիների առավելագույնը 11 %-ը, news.ru-ի հետ զրույցում ասել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։ Նրա խոսքով կառավարության ներկայիս ղեկավարը կպարտվի հաջորդ խորհրդարանական ընտրություններում, որոնք տեղի կունենան 2026 թվականին։
«Փաշինյանն իրականում ոչ լեգիտիմ է: Տարբեր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ նրան աջակցում է Հայաստանի բնակչության առավելագույնը 11 %-ը։ Նրան մնում է միայն վարչական ռեսուրսը։ Ես ընդունում եմ, որ այս բոլոր տարօրինակությունները, ներառյալ ուղիղ հեռարձակմամբ ձվածեղ պատրաստելու մասին պատմությունը, ուշադրություն գրավելու համար էժան շոուի տարրեր են: Դրանք հուսահատ փորձեր են, ընդ որում ոչ այնքան իմաստալից։ Բայց դա նրան դժվար թե օգնի, կարծում եմ 2026 թվականի առաջիկա խորհրդարանական ընտրություններում նա կպարտվի»,- ասել է Թևանյանը։
Ըստ քաղաքական գործչի Փաշինյանը խամաճիկ է Արևմուտքի ձեռքում, նա աշխատել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության՝ պատերազմի կուսակցության հետ: Թևանյանը կարծում է, որ ԱՄՆ-ում իշխանափոխությամբ Փաշինյանն աշխարհաքաղաքական որբ է դարձել։ Հիմա էլ նա հանդիպելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ փորձում է ցույց տալ, որ ինքը նորմալ հարաբերություններ ունի Վաշինգտոնի հետ, չնայած փաստացի նա դրանով իսկ ստորացնում է իրեն:
Ավելի վաղ Փաշինյանը շփոթվել էր և սկսել արդարանալ այն բանից հետո, երբ լրագրողներից մեկը մամուլի ասուլիսում նրան հարցրել էր, թե ինչո՞ւ էր ձվածեղ պատրաստում ուղիղ եթերում, երբ երկրում և աշխարհում տարբեր իրադարձություններ են տեղի ունենում։ Բացի այդ, լրագրողը հիշեցրել էր, թե ինչպես էր Փաշինյանը մուրճը թափահարում և սպառնում «բոլորին ծեծել»՝ նկատի ունենալով ընդդիմությանը։ Սակայն վարչապետը չի կարողացել հիշել, որ ինքը հենց այդ խոսքերն է ասել։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը