Քաղաքագետ Պերենջիև. Հայաստանն ու Թուրքիան կարող են դառնալ Ռուսաստանի դաշնակիցները Սիրիայում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանն ու Թուրքիան կարող են դառնալ Ռուսաստանի դաշնակիցները Սիրիայում, news.ru-ի հետ զրույցում ասել է Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի քաղաքական վերլուծության և սոցիալ-հոգեբանական գործընթացների ամբիոնի դոցենտ, ռազմաքաղաքագետ Ալեքսանդր Պերենջիևը։ Նա հավելել է, որ Մոսկվային անհրաժեշտ է ռազմական կոալիցիա ստեղծել տարածաշրջանում, որը կհեշտացնի ահաբեկիչների դեմ պայքարը։
«Մենք որոշակի առումով դաշնակիցներ ունենք, որոնք կարող են օգնել մեզ։ Որպես օրինակ կարելի է նշել Հայաստանին, քանի որ Սիրիայում բնակվող հայ համայնքը բավականին մեծ է, և Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է նրանց պաշտպանությամբ։ Երևի թուրքերը ևս մեզ ինչ որ տեղ կարող են օգնել, բայց եթե դա վերաբերում է Թուրքիայի որևէ կոնկրետ շահերին», - ասել է նա։
Քաղաքագետը նաև ավելացրել է, որ եթե քրդերը կռվում են ահաբեկչական այդ խմբավորումների շարքերում, ապա Թուրքիան նույնպես կարող է որոշակի օգնություն ցուցաբերել։ Նրա խոսքով, Անկարան գործում է ինքնուրույն՝ առանց ԱՄՆ-ի կամ Բրիտանիայի վրա որևէ ուշադրություն դարձնելու։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը