Փաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԿեսգիշերային պաշտոնանկություններից հետո գլխավոր թեմաներից մեկը դարձել է, թե ում է Նիկոլ Փաշինյանը նշանակելու թափուր մնացած պաշտոններում։ Հարցը ոչ այնքան թեկնածուներն են, այլ այն, թե բովանդակային փոփոխություններ կլինե՞ն, թե՞ ոչ։ Այս առումով, իշխանության մեջ կա երկու մոտեցում։ Կան պաշտոններ, որտեղ, ըստ էության, իշխանությունը լուրջ խնդիրներ ունի մասնագիտական առումով։ Եթե առավելապես քաղաքական պաշտոններում փաշինյանական իշխանությունը ցանկացած ՔՊ-ական «պոլի փեդի» կարող է նշանակել, մինչդեռ, օրինակ, ՆԳՆ-ում էական է, թե ով է ոստիկանապետը, ապագայում ստեղծվող «գվարդիայի» հրամանատարը։ Այդ առումով «սորոսական» Արփինե Սարգսյանի նշանակումն առանձնապես խնդիր չէր, և Փաշինյանը կարող էր հանգիստ նշանակել մեկին, ով համակարգից չէ։
Ամենամեծ խնդիրներից մեկը Պետեկամուտների կոմիտեն է, որտեղ Ռուստամ Բադասյանին հեռացնելուց, Տիգրան Ավինյանի կլանը թուլացնելուց հետո Փաշինյանը լուրջ ընտրության առջև է կանգնած։ Մի կողմից, իհարկե, մեծ գայթակղություն կա դնել իր մտերիմներից մեկին, որը կվերահսկի ֆինանսական բոլոր հոսքերն ու տեղեկությունները, մարդու, որն ամենամերձավոր շրջապատից է, ծայրահեղ դեպքում ՔՊ վերնախավի վստահելի ներկայացուցչի։ Պատահական չէ, որ տրվում են տարբեր անուններ։ Մյուս կողմից, Փաշինյանն ինքն էլ հասկանում է, որ ՊԵԿ-ում համակարգից գլուխ չհանող մարդուն դնելու դեպքում կարող են խնդիրներ ծագել բյուջեի համալրման առումով, ձախողվեն եկամուտների հավաքագրումը, և իշխանությունը կանգնի փաստի առջև։
Նույնիսկ պրոֆեսիոնալ գտնելու հարցում Փաշինյանը խնդիր ունի։ Եթե այսպես կոչված «հեղափոխությունից» հետո կարող էր մասնագետներ ներգրավել, ապա հիմա շատ դժվար է գտնել ռեալ մասնագետների, որոնք մասնագիտական և կառավարման առումով համաձայն են նրա կառավարման օրոք որևէ պաշտոն ստանձնել։ Մի կողմից դժվար է աշխատել անկայուն և անկանխատեսելի մարդու հետ։ Մյուս կողմից, պարզ է, որ ովքեր թիմից չեն, արագ քավության նոխազ են դառնում, լավագույն դեպքում SMS-ով ազատվում են աշխատանքից, վատագույն դեպքում՝ կալանավորվում։
Այդուհանդերձ, քննարկվող թեկնածուներից մեկը, որ թե՛ ՔՊ վերնախավից է ու մտերիմ հարաբերություններ ունի Փաշինյանի ու նրա ընտանիքի հետ, թե՛ աշխատանքի ընթացքում բավական փորձ է ձեռք բերել, Ռոմանոս Պետրոսյանն է։ Վերջինս ոչ հերքում, ոչ հաստատում է իր հնարավոր նշանակումը, բայց եթե նշանակվի, թերևս, միակ ողջամիտ որոշումը կարող է լինել։
Անի Հովսեփյան