Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարական են տվել Փաշինյանի խնդրանքով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի հինգ բարձրաստիճան պաշտոնյաներ անմիջապես հրաժարական են տվել այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատել է նրանց աշխատանքը և կոչ արել հրաժարական տալ, գրում է realtribune.ru-ն։ Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում դժգոհություն էր հայտնել իրավապահ մարմինների և դատական համակարգի աշխատանքից ընդգծելով, որ իր համբերության բաժակը լցվել է, և ինքը որոշումներ կկայացնի։ «Մարդիկ պետք է տեսնեն դատական և իրավական համակարգում կատարված զգալի ներդրումների արդյունքները։ Մարդիկ սպասում են արդարության և արդարադատության.. Կոռումպացված պաշտոնյաները, որոնք պետք է պատժվեն, օր ու գիշեր անցկացնում են ռեստորաններում»,- պարզաբանել էր Փաշինյանը։ Դրանից հետո էլ նա հայտարարել էր, որ «մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է լքել իրենց պաշտոնները»։ «Նման պահանջի պատճառները ոչ թե անձնական են, այլ համակարգային»,- նշել էր նա։
Մինչդեռ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով Փաշինյանն այդ քայլին գնացել է «իր ձախողումների պատասխանատվությունը քավության նոխազների վրա դնելու» և դրանով իսկ խորհրդարանական ընտրություններից մեկուկես տարի առաջ «իր թիմի բացասական ժառանգությունից ձերբազատվելու» համար։
«Փաշինյանն ուղղակի պատրաստվում է ընտրություններին: Խոստանալով պայքարել նախկին կոռումպացված պաշտոնյաների դեմ և վերադարձնել յուրացված ունեցվածքը նա չի կատարել իր նախընտրական խոստումները, և դա մտահոգիչ է, քանի որ մոտենում են ընտրությունները»,- իր հերթին կարծում է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը