Կամուրջն անցա, բայց մինչև հիմա սպասում եմ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 25-ին, պատերազմի, պարտության, արդեն իսկ որոշված գաղթի ֆոնին, Ստեփանակերտից ոչ հեռու՝ Հայկազովի զորամասի ՊԲ-ին պատկանող վառելիքի պահեստում տեղի ունեցավ ամենաողբերգական դեպքը։
Զոհերի թիվը գերազանցեց սեպտեմբերյան պատերազմում նահատակվածների թիվը՝ 238, մոտ 300 հոգի ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ, շատերն անդամահատվեցին, առ այսօր 22 հոգի անհետ կորած են համարվում։
Սամվել Սաֆարյանն Արցախի ՆԳՆ համակարգի ծառայող է։ Կինը՝ Կարինեն, MediaHub-ին պատմեց, որ սեպտեմբերի 25-ին իրենք մյուսների պես հավաքել են անհրաժեշտ իրերն ու ճամփա ընկել։ Սատանայի պես մի բան էր, որ տեղի ունեցավ Շուշիի ոլորաններում. մեքենայի հետ կապված խնդիրը Սամվելին ստիպեց հետ դառնալ։
«Մտածում էր մեր մանկահասակ երեխայի մասին։ Մեզ տեղավորեց իր հայրիկի մեքենայում, ասաց՝ «դուք գնացեք, անցեք կամուրջը, ես կգամ»։ Մինչև հիմա սպասում եմ»,- ասում է Կարինեն։
Կարինեի խոսքով՝ ամուսինը զանգել է ընկերոջը, պայմանավորվել, որ մեքենան կարգի բերի, վերանորոգի։ Լսելով, որ Հայկազովում վառելիք են բաժանում, Սամվելն ընկերոջ հետ գնացել է այնտեղ։ Նույն օրը երեկոյան տեղի է ունեցել դեպքը։ Նրա ընկերն այրվածքներով վերադարձել է, իսկ Սամվելից առ այսօր ոչ մի լուր։ Նա 22 անհետ կորածներից մեկն է։
«Մենք հասել էինք Լիսագոր, երբ տեղի է ունեցել այդ դեպքը։ Կայծակ էր ու անձրև, երկինքը որոտում էր։ Մտքովս չի անցել, որ դա ողբերգական ու ճակատարգրական կդառնա նաև ինձ համար։ Կապի իսպառ բացակայության պայմաններում, մենք չկարողացանք միմյանց հետ խոսել։ Հաջորդ օրն իր հորաքույրն է ասել, որ Սամվելը ևս պայթյունի տարածքում է եղել։ Հետ դառնալն անհնարին էր։ Հորաքույրը մեզ վստահեցրեց, որ նրա անունը վիրավորների ցուցակում է»։
Հայաստան տեղափոխվելուց հետո Կարինեն ու Սամվելի մյուս հարազատները սկսել են որոնումները երևանյան հիվանդանոցներում։
«Սամվել Սաֆարյան անուն ազգանուն գտանք, ուրախացանք ու գտանք հիվանդանոցը, պարզվեց՝ նույն անուն ազգանունով ուրիշ մարդ էր։ Մենք սկսեցինք ամուսնուս փնտրել մահացածների մեջ։ Հետո ԴՆԹ թեստ հանձնեցինք՝ մասունքները նույնականացնելու համար»,- պատմում է երիտասարդ կինը, ով ամուսնու անհետ կորելուց հետո միայնակ է մեծացնում որդուն՝ հավատը չկորցնելով, որ Սամվելը տուն կդառնա։
Աղետի գոտում անհետ կորածների հարազատներն այսօր որոշել են գնալ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ՝ հանդիպում պահանջելու, որ քայլեր ձեռնարկեն Բաքվում պահվող գերիների մեջ՝ փնտրելու իրենց հարազատներին։