Ադրբեջանը կրկին կեղծիքներ է տարածում՝ փորձելով սրել իրավիճակը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱդրբեջանը կրկին կեղծիքներ է տարածել՝ իբր հայկական ուժերը խախտել են հրադադարը։ Երեկ երեկոյան և այսօր առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն մի քանի հաղորդագրություններ է տարածել, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան, ապա արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Բաքվից նախ հայտնել էին Նախիջևանի Գանզա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան՝ Նախիջևանի Սադարակի շրջանի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումների մեջ։
Հայաստանի ՊՆ-ն, ինչպես սովորաբար է անում, հերքել է տեղեկությունները։
Հայկական կողմը նաև հիշեցրել էր, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ: Ադրբեջանն, իհարկե, չի արձագանքել այս առաջարկին, փոխարենը փորձում է միջազգային հանրության մոտ կեղծ հաղորդագրություններով տպավորություն ստեղծել, թե ՀՀ ԶՈՒ-ն է խախտում հրադադարը։
Նման քայլերով Ադրբեջանը կարող է երկու նպատակ հետապնդել, սրել իրավիճակն ու նոր ռազմական էսկալացիայի հիմքեր ստեղծել, կամ էլ ռազմական ուժ կիրառելու սպառնալիքներով Հայաստանի իշխանություններին նոր զիջումներ պարտադրել։
Ամեն դեպքում, թշնամու այս մարտավարությունը, նշենք, արդյունավետ է իր տեսանկյունից։ Իսկ ՀՀ գործող իշխանությունները բավարարվում են միայն խեղճուկրակ հերքումներով, ասես՝ սպասարկելով թշնամու շահերը։
Նաիրա Գասպարյան