Հայ-ռուսական համալսարանում կարանտինը շարունակվո՞ւմ է․ մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 6-ին MediaHub-ը գրել էր, որ Հայ-ռուսական համալսարանում կարմրուկով պայմանավորված կարանտին է հայտարարվել։
MediaHub-ին համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանն ասել էր, որ բուհում ուսանողներ ու դասախոսներ չկային, բայց կային այլ աշխատակիցներ, որոնցից մեկի մոտ ախտանշաններ կային, ու քանի դեռ չէր հերքվել, որ կարմրուկով է վարակված երիտասարդը, ռեկտորը համալսարանում կարանտին էր հայտարարել։
MediaHub–ը կրկին կապ հաստատեց Հայ–ռուսական համալսարանի հետ, որպեսզի պարզենք, թե ի՞նչ արդյունք են արձանագրել երիտասարդի անալիզները և արդյո՞ք համալսարանում հայտարարված կարանտինը պահպանվում է:
«Հայ-ռուսական համալսարանում համաճարակաբանական ռիսկերի հաստատման բացակայության պատճառով՝ կապված կարմրուկի վիրուսի հնարավոր տարածմամբ, մենք վերադարձել ենք բուհի բնականոն գործունեությանը, կարատինը հանված է»,- նշեցին Հայ-ռուսական համալսարանից։
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կարմրուկով վարակվածության դեպքերը մեկ շաբաթում ՀՀ–ում ավելացել են 3–ով։