Ինչո՞ւ է Թաթուլ Բաղդասարյանը հեռացվել ՔՊ-ից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՕրերս ՔՊ-ից հեռացվեց ոմն Թաթուլ Բաղդասարյան: ՔՊ վարչության նիստում այդ մասին հայտարարվեց, բայց չնշվեց՝ ինչում է վերջինս մեղավոր:
Պարզվեց՝ վերջինս կաշառակեր է և նրան մեղադրանք է առաջադրվել:
MediaHub-ը Datalex-ից ծանոթացավ գործի մանրամասներին, թե ինչի համար է մեղադրվում Նիկոլ Փաշինյանի կուսակցության արդեն նախկին անդամը:
Ըստ այդմ, մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ Թաթուլ Կազբեկի Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ Մարտունու մասնաճյուղի տնօրենի պաշտոնը, իր գործունեության ընթացքում կատարած իրավախախտումների համար, պաշտոնից բխող հեղինակությունը, իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, նույն մասնաճյուղի Մարտունի տեղամասի տեսուչ, իր անմիջական ենթակայությամբ աշխատող Շմավոն Գվիդոնի Կարապետյանից 2021 թվականի մայիսի 24-ին որպես կաշառք անձամբ, իր համար ստացել է 100.000 ՀՀ դրամ, Ծովինար գյուղի բնակիչ Հովսեփ Անուշավանի Հարեյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար նրանից որպես կաշառք անձամբ, իր համար 2021 թվականի մայիսի 27-ին և հունիսի 01-ին ստացել է ընդհանուրը 295.000 ՀՀ դրամ, Մարտունի տեղամասի ավագ տեսուչ, իր անմիջական ենթակայությամբ աշխատող Վարուժան Կարապետի Ալեքսանյանից 2021 թվականի հուլիսի 31-ին որպես կաշառք անձամբ իր համար ստացել է 50.000 ՀՀ դրամ, իսկ Վարդաձոր գյուղի բնակիչ Պապին Մնացականի Սիրականյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար նրանից 2021 թվականի սեպեմբերի 03-ին ընդունել է որպես կաշառք գույքային առավելություն, այն է՝ տնայնագործական եղանակով պատրաստված պանիր և կարագ տալու առաջարկը, ինչպես նաև որպես կաշառք նրանից անձամբ իր համար ստացել է 50.000 ՀՀ դրամը:
Ուշագրավն այն է, որ կաշառակերության համար մեղադրվող ՔՊ-ականը կուսակցությունից հեռացվել է մեղադրանք առաջադրվելուց մեկ տարի անց միայն՝ Թաթուլ Բաղդասարյանի գործը դատարանը ստացել է դեռ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի մայիսի 23-ին: